2019 թվականին Իսրայելը պետական բյուջեից 280 մլն դոլար է ծախսել սփյուռքի հետ համագործակցության համար՝ այն դեպքում, երբ երկրի պետական բյուջեն կազմում է 110 մլրդ դոլար: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի եւ սփյուռքի հարաբերությունները սաղմնային վիճակում են: Հոկտեմբերի 31-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ հատկացումները կազմում են պետական բյուջեի ընդամենը 0,04 տոկոսը, ինչը, Սինանյանի կարծիքով, ակնհայտորեն անբավարար է: Նա նաեւ խոստովանեց, որ մարդիկ թերահավատորեն են վերաբերվում արդեն իսկ գործող ծրագրերին եւ հայտարարում են, որ իրենց կողմից կատարվող ներդրումների դիմաց կոնկրետ արդյունքներ են ցանկանում:
«Մենք սկսել ենք սփյուռքի կոնսոլիդացիայի գործընթաց, բայց եթե ակնկալում ենք, որ կկարողանանք մեկ տարում բոլորին հավաքել, ապա դա իրատեսական չէ: Սակայն մշտական եւ հետեւողական ծրագրերի շնորհիվ կկարողանանք մարդկանց մոտ համապատասխան մշակույթ ստեղծել, նրանց պարզաբանել, որ պետք է վերադառնան եւ իրենց հայրենիքում աշխատեն»,- նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:





























