Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգոյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի ու տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Գրիգորյանն ընդգծել է կողմերի միջեւ առկա համագործակցության բարձր մակարդակը:

Շերիլ Ֆերնանդեսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար:

Հանդիպման ընթացքում փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների շղթան: Մանավորապես՝ հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում փոխնախարարը ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման, դրա դեմ պայքարի եւ հակակոռուպցիոն կրթության բաղադրիչները:

Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին՝ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ռազմավարության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ նպատակներն ու դրանց հասնելու գործողությունների ծրագիրը: Փոխնախարարը ներկայացրել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ ներկայում մշակվող Քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտների ռազմավարությունների շրջանակում նախարարության կողմից իրականացվելիք աշխատանքները:

Շերիլ Ֆերնանդեսն արդյունավետ է գնահատել փոխնախարարի հետ հանդիպումն ու ընդգծել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին նպաստող հաստատությունների ձեւավորման հարցում Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության գործընկերությունը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը համագործակցության խորացման բարձր պատրաստակամություն են հայտնել: