Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բաց է լրագրողների համար, անկախ այն բանից, թե որ երկիրն են նրանք ներկայացնում:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը այսօր հայտարարություն է տարածել, որ մասնավորապես նշել է, որ թուրքական NTV հեռուստաալիքի նկարահանող խմբի`ԼՂՀ այցի կապակցությամբ, չնայած Բաքվի կողմից բարձրացրած աղմուկին եւ այս առիթով Թուրքիայի քաղաքական ղեկավարության վրա Ադրբեջանի ճնշմանը, թուրք լրագրողները շարունակում են դիմել ԼՂՀ ղեկավարությանը` հանրապետություն մուտքի թույլտվություն ստանալու խնդրանքով` այստեղ տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նպատակով:

«Ղեկավարվելով ժողովրդավարական սկզբունքներով եւ ըմբռնումով մոտենալով լրագրողների` իրենց մասնագիտական պարտքը կատարելու ձգտմանը` ստանալու ճշգրիտ տեղեկատվություն սկզբնաղբյուրներից, ԼՂՀ ղեկավարությունը ոչ միայն խոչընդոտներ չի ստեղծում նրանց համար, այլ ընդհակառակը` աջակցում է նրանց գործունեությանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բաց է լրագրողների համար, անկախ այն բանից, թե որ երկիրն են նրանք ներկայացնում: ԼՂՀ ղեկավարությունը ելնում է նաեւ նրանից, որ հանրապետությունում տիրող իրավիճակի անաչառ եւ համակողմ ներկայացումն աշխարհին պարզապես կնպաստի Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը»,- ասված է հայտարարության մեջ: