Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին կոչ է արել հրաժարվել ծանր եւ անազնիվ ճնշումից, որ Միացյալ Նահանգները իրականացնում են Հայաստանի նկատմամբ՝ ստիպելով ընդունել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաստորագրված բավականաչափ հակասական արձանագրությունները:
Պետքարտուղարին հղված, եւ սեպտեմբերի 30-ով թվագրված նամակում Քեն Խաչիկյանը ընդգծել է ԱՄՆ հայկական համայնքի մտահոգությունը, ըստ որոնց «դրանք միակողմանի համաձայնագրեր են, որ պարտադրված են Հայաստանին, որն առ այսօր Թուրքիայի կողմից գտնվում է շրջափակման մեջ, եւ որը ջանքեր չի գործադրում, որ թոթափի Հայոց ցեղասպանության ժողովրդագրական, տնտեսական եւ աշխարհաքաղաքական պատասխանատվությունը: Այդ արձանագրությունները սպառնալիք են դառնալու Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ ողջ հայության անվտանգության համար: Մենք շատ մտահոգված ենք եւ այն դերով, որ խաղում եք դուք այն պահից, ինչ ստանձնեցիք Ձեր պաշտոնը` ճնշում գործադրելով Հայաստանի վրա եւ պարտադրելով մասնակցել մի գործընթացի, որի նպատակը միայն նախագահ Օբամային բարոյական, այլ ոչ թե քաղաքական արդյունք ցուցադրելն է, նկատի ունենալով նաեւ նրա խոստումը՝ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը»:



























