ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երեւան: Այդ մասին NEWS.am-ին hայտնել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից;

Համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) ու Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) այցի ընթացքում հանդիպումներ են ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Առայժմ հայտնի չէ՝ կհանդիպե՞ն համանախագահները լրագրողների հետ, թե՞ ոչ: Նախատեսվում է, որ տարածաշրջան կատարած այցի ընթացքում համանախագահներն այցելելու են նաեւ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ եւ Բաքու: Այցի ընթացքում համանախագահները նախապատրաստելու են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Քիշնեւում կայանալիք հանդիպումը:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը NEWS.am-ին օրերս հայտնել էր, թե «Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակն արդեն պատրաստ է, բայց այցի ընթացքում կողմերին չի ներկայացվելու»: