Թերթն իր խմբագրականում անդրադառնում է Սիրիայում ստեղծված բարդ իրավիճակին եւ նշում.

«Իրերի այս կացության մեջ բնականաբար մեր առաջին մտահոգ հայացքը պետք է ուղղվի դեպի այս երկրում եւ հարեւան Լիբանանում ապրող (վերջինիս արդեն փխրուն վիճակը մեծապես կախյալ է առաջինի կացությունից) հայությանը: Սիրիահայությունը ներկա ռեժիմի պայմաններում հանգիստ եւ ապահով է զգում իրեն եւ ունի զարգացման հեռանկարներ թե ազգային, թե անհատական-տնտեսական առումով:

Որեւէ փոփոխություն, մանավանդ կրոնական ֆունդամենտալիզմի դրսեւորմամբ, սպառնում է արտագաղթի մղել Հալեպի, Դամասկոսի, Քամիշլիի, Լաթաքիայի ու Քեսաբի հայությանը, ոչնչացնել հայաշունչ մեր ամենակարեւոր գաղթօջախներից մեկը, իր հերթին բոլորովին անորոշ ապագայի մատնելով հարեւան Լիբանանի հայագաղութը` սկսյալ սահմանագլխին գտնվող Այնճար հայկական գյուղից:

Երկրորդ` տարածաշրջանում Սիրիան մեր երկրի` Հայաստանի հուսալի բարեկամներից է, որը լավ հարաբերություններից բացի միջազգային կազմակերպություններում բնավ չի քվեարկում մեր երկրի դեմ:

Երրորդ` Սիրիայում որեւէ փոփոխություն, մանավանդ իսրայելական կամ արեւմտյան խարդավանքով, բերելու է Թեհրանի ազդեցության թուլացմանը այդ երկրում, ավելի լայն բացելով տարածքը թուրքական նորանոր ներթափանցումների առաջ, ինչը լրջագույն սպառնալիք է մեր երկրին տարածաշրջանային հարաբերությունների տեսակետից:

Իհարկե, ոչ Հայաստանը եւ ոչ էլ հայությունը ի վիճակի չեն ազդու ներգործություն ունենալ Սիրիայում տեղի ունեցող զարգացումների վրա: Սակայն կարող ենք բարոյապես զորակցել, ինչպես նաեւ ազգային շահերի գիտակցությամբ մոտենալ այնտեղ ծավալվող իրադարձություններին եւ այդ, միայն այդ տեսանկյունից գնահատել դրանք:

Պատրանքներ չունենանք. ողջ աշխարհը, ամենաթույլ երկրից մինչեւ ամենաուժեղը, ղեկավարվում են միայն իրենց ազգային շահերով: Մենք պետք է վարվենք նույնպես»: