Հայ մշակույթի զարգացման հիմնադրամը մտադիր է դիմել ՌԴ Մշակույթի նախարարությանը՝ համահայկական մշակութային կենտրոնի ստեղծման խնդրանքով,- հաղորդում է Ռուսաստանի հայ համայնքի «Երեւան» թերթը՝ վկայակոչելով Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանին։
«Սույն նախաձեռնությունն, առաջին հերթին, թույլ կտա լուծել Մոսկվայի հայկական թատրոնի տարածքի խնդիրը»,- հայտնել է Իգիթյանը նախօրեին «Նովոստի» Միջազգային մամլո կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում։
Նա պարզաբանել է, որ ներկայումս թատրոնը տարածքներ է վարձակալում մայրաքաղաքի տարբեր թատրոններում։ Ըստ Իգիթյանի, համահայկական մշակութային կենտրոնը թույլ կտա հյուրընկալելու հայկական թատրոնները Մոսկվայում նրանց հյուրախաղերի, ինչպես նաեւ ցուցահանդեսների անցկացման, շնորհանդեսների եւ մշակութային այլ միջոցառումների ժամանակ։
Մոսկվայի հայկական թատրոնը 2002 թվականից գործում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության մշակութային կենտրոնում եւ հանդիսանում է Հայկական թատերական ստուդիայի ավանդույթների հաջորդն ու շարունակողը, որը 20-ական թվականների սկզբին Մոսկվայում ստեղծվել է Սուրեն Խաչատուրովի, Եվգենի Վախթանգովի, Ռուբեն Սիմոնովի կողմից։
Ինչպես արդեն հաղորդվել է, ներկայումս թատրոնը հյուրախաղերով գտնվում է Երեւանում։ Հայ հանդիսատեսի դատին են ներկայացվելու «Վայ, վայ կամ ճամփորդություն հայկական ձեւով» եւ «Մենամարտ» ներկայացումները։



























