Այսօրվանից Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը երթեւեկության կանոները խախտող հետիոտներին պատասխանատվության է ենթարկելու։ Կարգազանց հետիոտներին բերման կենթարկեն եւ կտուգանեն 3 հազար դրամի չափով:
NEWS.am-ի թղթակիցը շրջել է մայրաքաղաքի փողոցներով՝ պարզելու համաքաղաքացիների վերաբերմունքը իրականացվող ակցիայի նկատմամբ։
25 ամյա Սեդրակը դրական է վերաբերվում ոստիկանության այս նախաձեռնությանը։
«Ճիշտ բան է, մարդիկ պետք է հասկանան, որ կա ինչ-որ կարգ ու կանոն եւ ոչ թե որտեղից ուզենան, անցնեն։
Թեեւ նա միշտ չի հետեւում կանոններին, սակայն ասում է, որ փորձում է ստիպել ինքնիրեն անցնել միայն կանաչ լույսի տակով։ Խոստովանում է՝ բարդ է եւ որոշ չափով ձանձրալի։
»Մեկ-մեկ լինում է, որ կանգնում ես ու փողոցը դատարկ է, կարող ես անցնել, բայց չես անցնում, որովհետեւ օրենքը այսպես է։ Հասկանալ, որ օրենք կա ու պետք է անցնել այնպես, ինչպես օրենքով է, շատ կարեւոր հատկություն է, որը մենք չունենք", ասում է նա։ Սեդրակը ճիշտ է համարում խախտման համար տուգանք նախատեսելը, քանի որ գտնում է, թե մարդիկ այդ դեպքում ավելի քիչ կխախտեն կարգը։
Պարոն Խաչիկը, ով 60 տարեկան է, եւս դրական վերաբերմունք ունի։ Բայց ասում է, որ չի հետեւում կանոններին եւ որ տուգանքի առկայությունը, միեւնույնն է, ոչինչ չի փոխի իր համար։
19 ամյա Արմանն ասում է, որ այսօրվանից արդեն սկսել է հետեւել փողոցն անցնելու կանոններին։ Գտնում է, որ «ակցիան ճիշտ է արված եւ արված է մեր իսկ անվտանգության համար»։
Մարիան, ով նաեւ վարորդ է, ողջունում է նախաձեռնությունը։ Ասում է, որ նախքան այս օրենքն էլ հետեւում էր կանոններին՝ անձնական անվտանգությունից ելնելով։
64 ամյա տիկին Անահիտը գտնում է, որ նախ պետք է վարորդներին տուգանել կանաչ լույսի ժամանակ անցնելու համար, հետո նոր հետիոտներին։ Այնուամենայնիվ աշխատում է հետեւել փողոցն անցնելու կանոններին։
Միաժամանակ ոստիկանական առաջին գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Կիրակոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօր միայն կանխարգելիչ աշխատանքներ են իրականացնում, քաղաքացիներին չեն տուգանում ու ոստիկանական բաժանմունք չեն տանում։
«Այսօր զգուշացնելով ենք զբաղված եղել, կանխել ենք, բացատրական աշխատանքներ տարել։ Այս մի քանի օրը այդպես կլինի, հետո նոր կանցնենք տուգանելուն», ավելացրեց նա։



























