«Ժամանակ» օրաթերթը զրուցել է 1994-1997թթ. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, այժմ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի հետ:
Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
- Պարոն Լիպարիտյան, Հայաստանում ընդդիմություն-իշխանություն երկխոսության հնարավորությունները ռեա՞լ են: Ի՞նչ կշահի իշխանությունը երկխոսությունից, ինչո՞ւ մեր իշխանությունների մոտ չկա նման պատրաստակամություն, չկա դրա գիտակցումը:
- Ենթադրում եմ, որ գիտակցումը կա, բայց տնտեսական, քաղաքական շահերի համընկնումը այնքան ավելի ազդեցիկ է, որ մի փոքր զիջումը իրենց համար կարող է նշանակել, որ իշխանությունը փլվում է: Իմ կարծիքով, այս սկզբունքն է նրանց մոտ իշխում, իրենք ի վիճակի չեն գնալ այդ քայլին: Ո՞վ պիտի շահի համագործակցությունից կամ երկխոսությունից... Իհարկե` երկիրը, ժողովուրդը պետք է շահի, ինչպես նաեւ մեր միջազգային խնդիրների մեզ համար ավելի բարենպաստ լուծումը: Բայց երբ երկխոսություն ասելու դեպքում հասկանում ենք իշխանությունը` իրենց շահերով, արդեն տեսնում ենք, որ տարբեր հարցեր են: Այսինքն` ընդդիմության պահանջը հստակ է, իշխանության անելիքը` ավելի հստակ է, եւ նրանք չեն կարող պատկերացնել, որ եթե սկսում են իրական զիջումների գնալ` նշանակում է պետք է նստեն ընդդիմության հետ բանակցեն, իսկ այդ դեպքում ամենափոքր զիջումը կարող է հարցեր առաջացնել, եւ այստեղ առաջ են քաշվելու իրենց տնտեսական, քաղաքական սերտորեն փոխկապակցված շահերը:
…- Ապրիլի 24-ից առաջ դարձյալ ակտիվացել են հայ-թուրքական կարգավորման հետ կապված հայտարարությունները, Թուրքիայից հիշեցնում են ԼՂ խնդիրը, Ադրբեջանից նույնը, դարձյալ նույն տեղապտույտի մեջ ենք: Ի՞նչ վիճակ է այս գործընթացում, ինչ-որ հնարավորություններ տեսնո՞ւմ եք:
- Նույն տեղապտույտի մեջ ենք, ես հնարավորություն չեմ տեսնում մոտ ապագայում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի ուղղությամբ` առանց ԼՂ խնդրում առաջընթացի: Որեւէ լուրջ նախաձեռնություն չեմ տեսնում, յուրաքանչյուրը իր դիրքորոշումն է պնդում, այս երկու երկրներն էլ ավելի ուրախ են իրենց լավ զգալով, քան` լավ գործելով: Կարծում էի, թե սա միայն մեր հիվանդությունն է, բայց պարզվեց` Թուրքիայում էլ նույն վիճակն է. տեսեք` ինչ ասեցի, ոչ թե` ինչ լավ բան արեցի... Այսինքն` ավելի լավ է մեզ լավ զգանք, քան իրական քայլ անենք, առաջ գնանք:





























