2020թ. փետրվարի 21-ին Երեւան քաղաքի Աէրացիա թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից առերեւույթ դիտավորությամբ կրակոցներ է արձակել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացու ուղղությամբ , սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գնդակները դիպել են բեռնախցիկի ծածկոցին եւ գազի գլանանոթի երկաթյա կաղապարին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ)  1-ին մասով եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)  1-ին մասով:

Քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է քաղաքացու ուղղությամբ հրազենից առերեւույթ կրակոցներ արձակած անձի ինքնությունը:

Որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին:

Կատարվում են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: