Միացյալ նահանգները Վրաստանում ժողովրդավարության աջակցության համար թվով 15 ծրագրեր է սկսում: Այս մասին ապրիլի 20-ին Վրաստանի ազգային գրադարանում անցկացրած հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը, գրում  է վրացական Journalist.ge գործակալությունը:

«Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի պաշտոնապես հայտարարենք ծրագրերի մեկնարկի մասին, որը կիրականացվի եկող 4 տարվա ընթացքում, եւ որի համար ԱՄՆ-ը տրամադրել է 90 միլիոն ԱՄՆ դոլար»,- ասել է դեսպանն ու հավելել. «Այս ծրագրերն ուղղված են Վրաստանում ժողովրդավարության զարգացմանը, անկախ եւ հզոր դատական համակարգի ստեղծմանը եւ իրավական դաշտի բարելավմանը: Մենք չենք թելադրում, թե ինչպես պետք է գործեք: Վրաստանի խորհրդարանը պետք է դառնա այնպիսի օրգան, որտեղ կարտացոլվի վրաց հասարակության մեջ առկա միտումները:

Նշենք նաեւ, որ հանդիպմանը մասնակցել են Վրաստանի անվտանգության հանձնաժողովի քարտուղար Գիգա Բոկերիան, ինչպես նաեւ խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի անդամները: