Թերթը գրում է, որ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին ԱՄՆ Կոնգրեսում երկու բանաձեւ է ներկայացվել, որտեղ գովերգում են Թուրքիային եւ նրա հիմնադիր Քեմալ Աթաթուրքին: Թերթն այդ կապակցությամբ իր դիտարկումներն է ներկայացնում.
«Թեեւ թուրքական կողմը, օգտվելով ամերիկացի մի քանի կոնգրեսականի ծառայությունից, շոու բիզնես է ձեռնարկում ԱՄՆ-ի կոնգրեսում, սակայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անդառնալի է, ճանաչումն անխուսափելի է նաեւ ԱՄՆ-ի համար: Այսինքն, շոուները չեն կարող ճանաչման գործընթացի ծավալումը կասեցնելու միջոց դառնալ, ոչ էլ դրանով հնարավոր կլինի դիրքերի սպառումից փրկել թուրքական ժխտողականությունը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի Հանրապետությանը, ապա նրա հիմնադիր Քեմալ Աթաթուրքը շրջապատված էր մինչեւ կոկորդը հայի արյան մեջ թաղված մարդակերպ դահիճներով: Օրինակ` Թոփալ Օսմանը, որն իր ավազակախմբով սպանել է տասնյակ-հազարավոր պոնտացի հույների, հպարտորեն պատմում էր, թե Տրապիզոնում ինչպես հայ մանուկներին ծղոտե ամանների մեջ ծովն է նետել կամ ինչպես շոգենավի կաթսայի մեջ ողջակիզել է անպաշտպան հայ կանանց ու ծերերին:
Այս թուրք մարդասպանն այնուհետեւ դարձավ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Քեմալ Աթաթուրքի թիկնազորի հրամանատարը: Կամ ազգային պատերազմներում Աթաթուրքին թիկունք տված Հասան փաշան, որը հայերին աներեւակայելի խոշտանգումներով սպանելու համար ստացել է «դելի», այսինքն` խելառ մականունը, եւ թուրք պատմագրության մեջ հիշատակվում է «Դելի Հասան փաշա», եղել է Աթաթուրքի դասընկերը, իսկ հետագայում Սաբիհ ազգանուն ստացած Ալի Իհսան փաշան, որին Դիլմանի ճակատամարտում ջախջախել է զորավար Անդրանիկը, ոչնչացնելով սրա ոհմակից ավելի քան 700 հրոսակի, 1500 արդեն որբացած հայ մանուկներին երեք օր ծարավ պահելուց հետո, երրորդ օրը կարգադրել էր ջուր տալ, ապա եւ հրամայել կենդանի թաղել, եղել է Աթաթուրքի համակուրսեցին ռազմական ուսումնարանում:
Թեեւ Քեմալ Աթաթուրքն անձամբ չի մասնակցել հայերի բնաջնջմանը, նա Առաջին աշխարհամարտի տարիներին Հիջազի ռազմաճակատում էր, սակայն շրջապատված էր միմիայն հայ ժողովրդի արյունախում դահիճներով, ըստ երեւույթին, բարձր գնահատելով մարդասպաններին: Այսինքն` Թուրքիայի Հանրապետության հիմնադիրները եղել են ստոր մարդասպաններ: Որքան էլ ամերիկացի մի քանի կոնգրեսական գովերգեն Թուրքիային, պետք է իմանալ, որ այլ ժողովրդի արյան վրա արյունախում գազանների ստեղծած պետությունները կարող են առավելագույնս ունենալ հանցակից ժողովուրդ, որին խորթ եւ անհասանելի է օրինակելի ժողովրդավարությունը»:





























