Օհայո նահանգից ԱՄՆ կոնգրեսական եւ Հանրապետական կուսակցության անդամ Ջեն Շմիդտը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Դեւիդ Գրիգորյանի նկատմամբ, որը նահանգի ընտրական հանձնաժողովում թեկնածու է Դեմոկրատական կուսակցությունից եւ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Կոնգրեսի ընտրություններում 2010 թվականին։ Բանն այն է, որ, ըստ Շմիդտի, Գրիգորյանը 2008 թվականի ընտրարշավի ժամանակ մեղադրել էր Շմիդտին այն բանում, որ նա 30 հազար դոլար է ստացել թուրքական լոբբիստական խմբերից եւ փոխարենը Կոնգրեսում մշտապես իր ձայնն է բարձրացնում 1915 թվականի Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւի դեմ։ Նշենք, որ Շմիդտը հրաժարվում է Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանություններն ու բռնի տեղահանումը ճանաչել որպես ցեղասպանություն՝ հիմնավորելով իր դիրքորոշումն այն բանով, որ իր ձեռքի տակ չունի բավարար տեղեկատվություն։
Շմիդտի ներկայացրած բողոքի քննությամբ զբաղվող հանձնաժողովը մտադիր է հրապարակայնորեն նկատողություն հայտարարել Գրիգորյանին զրպարտության համար։ Նշենք, որ խոսքը ոչ թե դատական հայցի մասին է, այլ բողոքի քննման։ Շմիդտի հավաստումների համաձայն, Գրիգորյանը երեք անգամ զրպարտել է իրեն։ Գրիգորյանի հայտարարությունները բավական անժամանակ են կոնգրեսականի համար, քանի որ նա վերընտրվելու հույս ունի եւ դժգոհ է իր ընդդիմախոսի հայտարարություններից, որը հրապարակայնորեն մեղադրում է նրան Անկարայի շահերի լոբբինգի մեջ։
«Մենք չափազանց բավարարված ենք այն բանով, որ հաղթել ենք բոլոր կետերով»,- հայտարարել է Շմիդտի ներկայացուցիչ Բարի Բենեթը։ Այս գործը լսած հանձնաժողովի անդամները հայտարարել են, որ Գրիգորյանին հարկ էր իմանալ, որ նման հայտարարությունների համար նա ապացույցներ չուներ։ Իսկ ինչ վերաբերում է Գրիգորյանի փաստաբան Մարկ Կիրակոսին, ապա վերջինս հայտարարել է, որ «նա, ով ասում է, որ Դեւիդի խոսքերը թելադրված են չար դիտավորությամբ, ծաղրի առարկա է դարձնում ազատ խոսքի իրավունքը։ Նա երբեք չի ասել, որ Շմիդտը անմիջականորեն փող է վերցրել թուրքական կառավարությունից. Դեւիդն ասել է, որ բոլոր հիմքերն ունեցել է նման բան ենթադրելու համար»։




























