Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահի վրա կոշիկ նետող թուրք երիտասարդը չի փոշմանել իր արարքի համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal թերթը։

Ստամբուլի Բիլգի համալասարանում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ ԱՄՀ-ի ղեկավարի ուղղությամբ կոշիկ նետած Սելչուք Օզբեկը ժամեր անց ազատ արձակվելուց հետո լրագրողներին հայտնել է, որ իր արարքի համար չի փոշմանել եւ երջանիկ է։ Նա պատճառաբանել է իր քայլը` որպես բողոք իմպերիալիստական, կապիտալիստական համակարգի դեմ։ Օզբեկի մայրը նույնպես գովաբանել է որդու քայլը։ Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է բողոքի նման ձեւը։

NEWS.am-ը հիշեցնում է, որ ԱՄՀ-ի ղեկավար Դոմինիկ Ստրաուս Կահնի ելույթի ժամանակ նրա վրա կոշիկ էր նետել «Անադոլու» համալսարանի ուսանող Սելչուք Օզբեկը, որը հետագայում ձերբակալվել է։ Կոշիկ նետող ուսանողը բացականչել էր. «ԱՄՀ հեռացի՛ր Թուրքիայից»։ Նետված կոշիկը չի հասել նպատակակետին եւ դիպել է ելույթի համար նախատեսված ամբիոնին։ ԱՄՀ-ի նախագահը այս միջադեպից հետո անմիջապես հեռացել էր Բիլգի համալսարանից։