Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հոկտեմբերի 1-ին, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, հանրապետության տարբեր մարզերից հայտնաբերել եւ առգրավվել է «Էլիտ Շանթ» ընկերության կողմից ապօրինի շահագործվող 17 տրանսպորտային միջոց:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ապօրինի շահագործվող 3 բեռնատար ավտոմեքենա հայտնաբերվել էր պատասխանող կողմի՝ Վարշամ Ղարիբյանի առանձնատան շինհրապարակում: Մեկ ավտոմեքենա օգտագործվում էր պատասխանող կողմին պատկանող „Երեւան TV“ հեռուստաընկերության կողմից: Բոլոր տրանսպորտային միջոցները հարկադիր կատարողների կողմից արգելադրված, կապարանակնքված եւ ի պահ են հանձնված եղել պատասխանող կողմի ներկայացուցիչներին: Սակայն, խախտելով օրենքը, ընկերությունը շարունակում էր շահագործել դրանք։

Միաժամանակ, 6 ավտոմեքենա էլ ինքնակամ հանձնվել է հայցվոր կողմին՝ դրանց վարորդների կողմից»:

Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ «Շանթ» ընկերության սեփականատերերը՝ եղբայրներ Մանվել եւ Վարշամ Ղարիբյաններն ընդհարվել են իրար հետ եւ կիսել համատեղ բիզնեսը, սակայն Վարշամ Ղարիբյանը հրաժարվում էր եղբորը հանձնել նրան պատկանող մեքենաներից մի քանիսը: ԴԱՀԿ-ն սեպտեմբերի 24-ին կրկին կապարակնքել էր մեքենաները, սակայն Վարշամ Ղարիբյանը ապօրինաբար շարունակել էր շահագործել դրանք: