«Ես երբեք չեմ ասել, թե Ռուսաստանը պետք է երես թեքի Հայաստանից: Հակառակը, մեր շփումները Հայաստանի հետ ավանդական են, բնական ու բազմադարյա, բայց ներկա վիճակում մենք պետք է ընդառաջ գնանք նաեւ նոր թուրքական միտումներին»,- հայտարարել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, ով հայտնի է իր ազգայնական հայացքներով:

«Արեւմուտքը Հայաստանում ազդեցության համար բազմաթիվ գործակալներ ունի: Արեւմուտքը ակտիվորեն կաշառում է հայկական վերնախավին եւ ձգտում է սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, դրա համար էլ ավելի ու ավելի շատ հակառուսական հրապարակումներ են հայտնվում Հայաստանում»,- ասել է նա ու հավելել. «Հայկական իշխող էլիտան, այդ թվում նախագահ Սերժ Սարգսյանի մոտ բարեկամները եւ շատ այլ քաղաքական գործիչներ հիմա էլ ԼՂ հարցով ակտիվորեն փախգործակցում են ամերիկացիների հետ: Հայերը հասկացել են, որ Ռուսաստանը Ղարաբաղի անկախությունը չի ճանաչելու, իսկ ամերիկացիները վերջին տարում հայտարարում են, որ պատրաստ են քննարկել ԼՂ ճանաչման հարցը, եթե հայերը դնեն ռուսական զորքերի հեռացման հարցը: Հենց դրա համար էլ հայերը խզում են իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, հույս ունենալով, որ ամերիկացիները կլուծեն իրենց տարածքային խնդիրը»:

Դուգինի ներկայացմամբ, ամերիկացիները այդ հարցը կլուծեն այնպես, ինչպես լուծեցին Վրաստանում, այսինքն ոչ մի բան նրանք չեն լուծի, բայց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտություն կարող են առաջացնել":

«Մենք ճանաչում ենք հայերի ռազմավարական վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ: Հայաստանում մեր զինված ուժերն ենք տեղակայել, բայց, իհարկե, չենք շտապում ճանաչել Ղարաբաղը եւ թերեւս, դա չենք անի, ելնելով Ադրբեջանի հետ մեր ռազմավարական գործընկերությունից: Ռուսաստանը չի հանձնում ոչ ոքի: Եվ Թուրքիայի հետ մերձեցումը Հայաստանի դեմ չէ: Ինքը` Հայաստանը, ավելի արագ է մերձենում Թուրքիայի հետ՝ բացելով սահմանը, քան մենք: Այս պայմաններում, իրենց լքված են զգում հենց ադրբեջանցիները»,- կարծիք է հայտնել նա ու ընդգծել. «Եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, Հայաստանը կդադարի այդքան կախված լինել Ռուսաստանից, որքան հիմա է: Ուստի ամերիկացիները իրականում, հաջորդ քայլով պատրաստվում են սեպ խրել Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ»: