Վավիլովի անվան Բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական ինստիտուտի գիտնականները բոստանային կուլտուրաներ են տնկել Ապատիտներում (Մուրմանսկի մարզ) տեղակայված բեւեռային փորձակայանում, հայտնել է ինստիտուտի տնօրեն Ելենա Խլյոստկինան, փոխանցում է Nat-geo-ն:
«Ներկայումս Կոլայի թերակղզում, որտեղ եւ գտնվում է մեր փորձակայանը, փորձարկումներ են անցկացվում սեխի, ձմերուկի եւ այլ բոստանային կուլտուրաների աճեցման համար: Այս տարի կստուգվեն Կրասնոդարի երկրամասում աճեցված սորտերը` արկտիկական պայմաններում աճեցման համար: Սրանք հատուկ սորտեր են, որոնք վաղահաս եւ կոմպակտ ձեւի բույսեր են»,- նշել է Ելենա Խլկոստկինան:
Խլյոստկինան նշել է, որ այս սորտերի աճեցման համար ԴՆԹ մարկերների կիրառմամբ ընտրասերում է օգտագործվում: Գիտնականների առջեւ խնդիր է դրված համեմատել նոր բուծված սորտերը սովորական սորտերի հետ, գտնել դրանց տարբերությունները գենոմի մակարդակում եւ ախտորոշման մեթոդներ մշակել` դրանց հետագա ընտրասերման համար:
Իր հերթին, Բեւեռային փորձակայանի տնօրեն Իրինա Միխայլովան պատմել է, որ ընտրասերողներն արդեն կարտոֆիլի ավելի քան 50 սորտ, հատապտղային, մրգատու (խնձորիներ) եւ կերային մշակաբույսեր են (վարսակ, տարեկան) հարմարեցրել Արկտիկայի պայմաններում աճեցնելու համար: Ջերմոցներում վարունգ, լոլիկ, դդմիկ, պղպեղ, շաղգամ, ճակնդեղ եւ այլ մշակաբույսեր են աճեցնում: Բացի սեխի եւ ձմերուկի աճեցման փորձերից, կայանում աշխատանքներ են ընթանում` մրգատու խնձորենիների եւ կեռասի տնկման ուղղությամբ:
Բեւեռային փորձակայանը հիմնադրվել է բուսաբան Նիկոլայ Վավիլովի կողմից 1923 թվականին: Գիտնականների գործունեությունը սկիզբ է դրել գյուղատնտեսությանը Կոլայի թերակղզում: Կայանի բազմամյա պատմության ընթացքում Արկտիկայի պայմաններին հարմարեցված բույսերի բազմաթիվ սորտեր են աճեցվել:




























