Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակներում ձեռքբերված 82 ձ/ուժ հզորությամբ 4 անիվավոր տրակտոր տրամադրվել է Գեղարքունիքի Այրք (3 տրակտոր) եւ Արագածոտնի Ամանոս (1 տրակտոր) համայնքների արոտօգտագործողների կոոպերատիվներին:

Տրակտորների հանձնման միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն իր խոսքում նշել է, որ ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ:

«Արագ արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ փորձեցինք հնարավորինս շուտ գյուղատնտեսական տեխնիկան հասանելի դարձնել համայնքներին, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները կարողանանք խրախուսել: Այսօր արդեն 4 տրակտոր տրամադրվեց 2 համայնքի արոտօգտագործողների կոոպերատիվներին: Եվս երկուսը (120 ձ/ուժ հզորությամբ) նախատեսվում է հաջորդ շաբաթ տրամադրել ՀՀ Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերին: Ընդհանուր առմամբ` ծրագրին մասնակցում է ավելի քան 100 համայնք», - ասել է նախարարի տեղակալը։

ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը, ներկայացնելով ծրագիրն՝ ընդգծել է, որ այն համահունչ է Կառավարության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նպատակներին` խթանել գյուղատնտեսության կայուն զարգացումը, ապահովել սննդի  անվտանգությունը եւ ավելացնել գյուղական եկամուտները: Ծրագրի երեք բաղադրիչներով նախատեսվում է բարելավել նպատակային համայնքներում արոտավայրերի եւ անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը, օժանդակել ընտրված արժեշղթաների զարգացմանը` կատարելով նպատակային ներդրումներ արտադրողների եւ վերամշակողների միջեւ կապերի ամրապնդման, սննդի անվտանգության խթանման, մշակման եւ շուկայահանմանն օժանդակելու համար, օժանդակել պետական հատվածում մասնագիտացված կառույցների զարգացմանը, որոնք կարեւոր դեր են խաղում այդ ապրանքատեսակների արտադրական ծավալների աճի համար:

«Գյուղտեխնիկայի տրամադրումն իրականացվում է առաջին բաղադրիչի շրջանակում։ 2020 թվականին նախատեսվում է 39 արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվի համար ձեռք բերել շուրջ 190 միավոր գյուղտեխնիկա, որից 25-ը՝ տրակտոր։ Գործընթացն իրականացվում է համաֆիանսավորմամբ. կոոպերատիվները ներկայացնում են, թե ինչ տեխնիկա է պետք իրենց եւ ներդնում գումարի 20%-ը, մնացած 80%-ը ներդնում է կառավարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ», - ավելացրել է նա:

Գեղարքունիքի մարզի Այրք համայնքի ներկայացուցիչը համայնքի հողօգտագործողների անունից շնորհակալություն հայտնելով տրամադրված տրակտորների համար` նշել է.

«Սա շատ կարեւոր եւ մեծ օգնություն է Այրք համայնքի համար` հատկապես նկատի ունենալով գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանը: Հիմա հնարավորություն կունենանք 1 օրում վարելու 6 հա հողատարածք, քանի որ յուրաքանչյուր մեկ տեխնիկա մեկ օրում վարում է 2 հա տարածություն»։

Ծրագրով ընդհանուր առմամբ նախատեսվում է 2 ամսվա ընթացքում 5 մարզի 11 համայնքների համար ձեռք բերել 18 միավոր գյուղտեխնիկա, որից 9 միավոր՝ տրակտոր։ Գյուղատնտեսական տեխնիկան մատակարարված եւ հասանելի կլինի մինչեւ աշնանային աշխատանքների սկիզբը: