Թուրքական ճանաչված «Milliyet» թերթը, որ պատկանում էր «Dogan» ընկերությունների խմբին, վաճառվել է ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմայիլովին: Այդ մասին հաղորդում է « Vesti.az»-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին: Թուրքական թերթը գնելու համար Իսմայիլովը, որը նաեւ Թուրքիայում գործող էլիտար «Մարդան պալաս» հյուրանոցի սեփականատերն է, որպես գործընկեր է ընտրել «Թորումլար գիդա» ընկերությանը: Ներկայումս ադրբեջանցի միլիարդատերը «Թորումլար գիդա»-ի հետ, որի ամենամեծ բաժնետերը կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Բիթլիս քաղաքից պատգամավոր Վահիդ Կիլլերն է, «Dogan»-ի հետ բանակցություններ է վարում մյուս խոշոր թերթի՝ «Hurriyet»-ի գնման համար: Այս պահին «Dogan Group»-ը քննարկում է այդ առաջարկությունը:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, ցանկանալով դառնալ մեդիա-մագնատ՝ Իսմայիլովը մտադիր է գնել նաեւ թուրքական ATV հեռուստաընկերությունը, որը կրկին պատկանում է «Dogan»-ին: Ադրբեջանցի միլիարդատերը խոշոր բիզնես ունի նաեւ Ռուսաստանում: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, նրան էին պատկանում վերջերս փակված Չերկիզովյան շուկան եւ մի շարք այլ խոշոր օբյեկտներ:

Միաժամանակ, Reuters գործակալության փոխանցմամբ, ուրբաթ օրը «Hurriet»-ի բաժնետոմսերի գներն աճել են մոտ 9 տոկոսով եւ թերթը վաճառելու դեպքում, ընկերությունը կկարողանա վճարել իր վրա դրված 3,2 միլիարդ դոլար տուգանքը: Թերթի վաճառքի մասին լուրերը հաստատել են մի քանի ստամբուլյան վերլուծաբաններ, որոնք ցանկացել են գաղտնի մնալ: «Dogan» ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել թե՛ թերթի վաճառքի մասին, թե՛ նրա բաժնետոմսերի աճի մասին տեղեկությունները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, թուրքական «Dogan Media Group»-ին վերջերս մեղադրել էին հարկերը թաքցնելու մեջ եւ հսկայական տուգանք նշանակել: Բուն ընկերությունում կատարվածի պատճառը համարում են կառավարության գործունեությունը քննադատելը: Այդ մասով իր հատուկ անհանգստությունն է հայտնել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին: Նա հայտարարել է, թե կառավարությունները պետք է պայմաններ ստեղծեն մամուլում բազմակարծություն ապահովելու համար՝ հանդուրժողականություն ցուցաբերելով օրենսդրական ակտերի կիրառման ժամանակ, երբ դա վերաբերում է քննդատական նյութեր հրապարակող ԶԼՄ-ներին:

Նշենք, որ դա առաջին դեպքը չէ, երբ տուգանում են թուրքական ընկերությանը: Վերջերս «Dogan»-ը, հայտնվել էր լուրջ խնդիրների առջեւ, երբ պարզվել էր, որ Այդին Դողանը նավթամթերքի ապօրինի վաճառքով է զբաղվել իր «Petrol ofisi» եւ «Erk Petrol» ընկերությունների միջոցով: Արդյունքում ընկերությունը ստիպված է տուգանքներ վճարել՝ մոտ 5 միլիարդ դոլարի չափով: