Նախատեսվում է ընդլայնել գյուղատնտեսության այն հատվածին աջակցության ծրագրերը, որոնք կվերաբերեն ավանդական այգեգործությանը: Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: Նա հավելեց, որ նաեւ հողերի քարտեզագրում է նախատեսվում, ինչը հնարավորություն կտա ավելի կենսունակ միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության զարգացման համար:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ նախատեսվում է շարունակել խոշոր եղջրավոր անասունների գլխաքանակի վերաբերյալ տվյալների թվայնացումը, ինչը թույլ կտա ավելի արդյունավետորեն լուծել ոլորտի խնդիրը: Անդրադառնալով գործող ծրագրերին` նա պարզաբանեց, որ «խելացի ֆերմերներ» նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացնում, եւ 2020 թվականի հունվարից ապրիլի 10-ը 53 հայտ է ստացվել: «2019 թվականից ի վեր ստացվել է 247 հայտ, որից 24-ին շինարարության եւ վերակառուցման վկայականներ են տրվել: 7 տնտեսվարող սուբյեկտ արդեն փոխհատուցում է ստացել: Տոհմային անասնաբուծության զարգացման ծրագրով պետությունը մինչ այժմ 466 միլիոն դրամ է հատկացրել: Ջերմոցային տնտեսությունների զարգացման նախագծով ստացվել է 93 հայտ, որից 60-ը բավարարվել է: Ինտենսիվ այգիների զարգացման ծրագրով, որը, ինչպես եւ «խելացի ֆերմերներ» նախագիծը, փոխհատուցման տարր է պարունակում կատարված ծախսերի 30-50 տոկոսի չափով, այս տարի ստացվել է 15 հայտ, իսկ ամբողջ անցած տարվա ընթացքում ստացվել է 20 հայտ: Մարզերում սպանդանոցների կառուցման ծրագրով 82 շենք է կառուցվում, որից 34-ը ծառայություններ կմատուցի: Գյուղատնտեսական ապահովագրության նախագծով ստորագրվել է ավելի քան 700 պայմանագիր»,- հավելեց փոխնախարարը: