Մահացել է Անդրեյ Վարիչեւը՝ միլիարդատեր Ալիշեր Ուսմանովին պատկանող «Մետալոինվեստ» հոլդինգի ղեկավարը, РБК-ին պատմել է մետալուրգիական ընկերությունում աղբյուրը եւ հոլդինգի ղեկավարի ծանոթը: Ընկերությունում հաստատել են, որ «Վարիչեւը հանկարծամահ է եղել ապրիլի 27-ին՝ ծանր հիվանդությունից հետո»:
Անդրեյ Վարիչեւը երկկողմանի թոքաբորբ ուներ, նա կորոնավիրուս չուներ, РБК-ին հայտնել է «Մետալոինվեստ»-ի ներկայացուցիչը։
Forbes-ի աղբյուրների տվյալներով՝ թոփ-մենեջերը մահացել է երկուշաբթի կեսօրին, Մոսկվայի մասնավոր կլինիկաներից մեկում: Վարիչեւը երկկողմանի թոքաբորբ ուներ, վերջին օրերին նա միացված էր արհեստական օդափոխման սարքին, հայտնում է թերթը:
«Մետալոինվեստ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել գլխավոր տնօրենի առաջին տեղակալ եւ կոմերցիոն տնօրեն Նազիմ Էֆենդիեւը, հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
Վարիչեւը 52 տարեկան էր, մոտ 30 տարի նա աշխատել է մետալուրգիական արդյունաբերության ոլորտում: 2005թ․ Վարիչեւը, որը զբաղեցնում էր «Ուրալյան պողպատ»-ի գլխավոր փոխտնօրենի պաշտոնը, դարձավ «Միխայլովսկի ԼՀԿ»-ի ղեկավար` անմիջապես այն բանից հետո, երբ Ալիշեր Ուսմանովը եւ Վասիլի Անիսիմովը գնեցին այն։ 2013-ից նա «Մետալոինվեստ»-ի կառավարման ընկերության գործադիր տնօրենն էր: Վարիչեւը նաեւ «Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռներեցների միության» խորհրդի (RSPP) անդամ էր, 2018 թ. նրան առաջարկվել է Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնը («Մետալոինվեստ»-ի հիմնական ակտիվները այնտեղ են գտնվում)։
Վարիչեւի վերջին հարցազրույցը ապրիլի 10-ին հրապարակել է «Կոմերսանտ»-ը: Դրանում Վարիչեւն ասում էր, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին բավական ծանր հիվանդություն է տարել: «Չեմ կարող բացառել, որ դա նույն վիրուսն էր»,- ասել էր նա:
«Մետալոինվեստ»-ը երկաթի հանքաքարի աշխարհի խոշորագույն արտադրողներից է, որը 100%-ով պատկանում է Ալիշեր Ուսմանովի USM Holdings-ին եւ գործընկերներին: Հոլդինգի խոշորագույն ձեռնարկություններն են՝ Լեբեդինսկի եւ Միխայլովսկի ԼՀԿ-ները եւ «Ուրալյան պողպատը»։





























