Ամբողջ աշխարհի կառավարությունների կողմից ընդունված զանգվածային ֆինանսական խթանման միջոցները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար պետք է հարմարեցվեն կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին: Այս մասին հայտարարել է ԱՄՀ-ի ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան` ելույթ ունենալով «Պետերբուրգյան կլիմայական երկխոսություն» վիրտուալ գագաթնաժողովին:
Գեորգիեւան միացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին` կոչ անելով նպատակաուղղված ջանքեր գործադրել «կանաչ վերականգնման» ուղղությամբ համավարակային ճգնաժամից հետո: «Կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի միջոցների ձեռնարկումն անհրաժեշտություն է, եթե մենք ցանկանում ենք ավելի լավ աշխարհ թողնել մեր երեխաներին»,- ասել է ԱՄՀ ղեկավարը: «Այն, ինչ մենք հիմա անում ենք, ոչ միայն կփոխի մեր տնտեսությունն ու հասարակությունը, այլեւ կփոխի մարդկության ապագան այս մոլորակի վրա,-հայտարարել է նա:- «Կանաչ վերականգնումը» մեր կամուրջն է դեպի ավելի կայուն ապագա»:
Ըստ նրա` կառավարություններն արդեն արտակարգ միջոցներ են ձեռնարկել համավարակի դեմ պայքարում, սակայն հետագա ջանքեր են անհրաժեշտ` 1930-ականների Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր ամենավատ տնտեսական անկմանն արձագանքելու համար: Երաշխավորելու համար, որ հարկաբյուջետային խթանումն ուղղված է կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի վերացմանը, ըստ նրա, կառավարությունները պետք է ֆինանսական աջակցություն տրամադրեն ածխածնի ինտենսիվ արտանետմամբ ընկերություններին` ածխածնի արտանետումների կրճատման պարտավորություններից կախված:
Գեորգիեւան կառավարություններին կոչ է արել ֆինանսական ծախսերը կենտրոնացնել մաքուր տեխնոլոգիաների, մաքուր տրանսպորտի, կայուն գյուղատնտեսության եւ կլիմայի փոփոխության նկատմամբ կայունության խթանման վրա:
«Հաշվի առնելով, որ նավթի գները ռեկորդային ցածր մակարդակի վրա են գտնվում` այժմ ճիշտ ժամանակն է հրաժարվել վնասակար սուբսիդիաներից»,- ասել է Գեորգիեւան` վկայակոչելով ԱՄՀ-ի գնահատականն առ այն, որ ցածր ածխածնի արտանետման ցածր մակարդակին անցումը 2.3 տրիլիոն դոլարի ներդրում կպահանջի տասը տարվա ընթացքում: Նա նաեւ հորդորել է կառավարություններին խթանել էկոլոգիապես մաքուր ֆինանսավորումը` հատուկ շեշտը դնելով կանաչ պարտատոմսերի եւ կայուն ֆինանսավորման այլ ձեւերի վրա եւ ֆինանսական ձեռնարկություններին հանձնարարելով ավելի լավ բացահայտել կլիմայի ռիսկերն իրենց վարկային եւ ներդրումային պորտֆելներում: Ըստ նրա` ածխածնի գնի բարձրացումը կօգնի եկամուտներ ստեղծել ապագայում պետական եկամուտներն ավելացնելու համար: «Ածխածնի զգալիորեն ավելի բարձր գինն անհրաժեշտ է կլիմայական պայմանները հաշվի առնող ներդրումների խթանման եւ ավելի մաքուր վառելիքին անցման արագացման եւ էներգաարդյունավետության բարձրացման համար»,- ասել է Գեորգիեւան:
Ըստ ԱՄՀ գնահատականների` ածխածնի համաշխարհային գինը պետք է բարձրանա 75 դոլար մեկ տոննայի դիմաց` տոննայի դիմաց ներկայիս 2 դոլարի փոխարեն` գլոբալ տաքացումը 2 աստիճանից ցածր մակարդակում պահելու համար:




























