Շվեդիայի հարավում գտնվող Լունդ համալսարանական քաղաքի իշխանությունները մտադիր են մեկ տոննա հավի ծերտ տարածել կենտրոնական զբոսայգում, որպեսզի սպեցիֆիկ հոտը վախեցնի բոլոր նրանց, ովքեր մայիսի 1-ի գիշերը պատրաստվում են այգում նշել Վալպուրգիեւյան գիշերը, գրում է Guardian-ը:

Շրջակա միջավայրի հարցերով քաղաքային հանձնաժողովի ղեկավար Գուստավ Լունդբլադն ասել է, որ այս կերպ իշխանությունները փորձում են կանխել կորոնավիրուսի տարածումը:

Շվեդիայի կառավարությունն արգելել է բնակիչներին հավաքվել ավելի քան 50 հոգանոց խմբերով, ինչպես նաեւ կարգադրել է երկու մետր հեռավորություն պահպանել միմյանցից: Խանութներն ու ռեստորանները երկրում բաց են մնում: Շվեդիայում Covid-19-ից մահվան դեպքերի թիվը մի քանի անգամ գերազանցում է հարեւան սկանդինավյան երկրների վիճակագրությունը, փոխանցում է BBC-ն:

Շվեդիան շարունակում է մնալ այն եզակի երկրներից մեկը, որտեղ դեռ կոշտ կարանտինային միջոցներ չեն ներդրվել: Սկզբում բնակիչները ողջունում էին այս մոտեցումը, սակայն երկրում վարակման դեպքերի աճին զուգահեռ  իշխանությունների գործողություններն ավելի ու ավելի հաճախ են քննադատության ենթարկվում: