Հոկտեմբերի 3-ին տեղի կունենա Թուրքիայի իշխող՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համաժողովը։ Համաժողովի ընթացքում տեղի կունենան մի շարք փոփոխություններ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը։

Սպասվում է, որ «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության 50 հոգուց բաղկացած «Կենտրոնի որոշում եւ ղեկավար խորհուրդ»- ում (MKYK) կլինեն լուրջ փոփոխություններ։ Համաժողովի ընթացքում կուսակցության ղեկավար եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է գալու կարեւոր ուղերձներով։ Դրանք հիմնականում կվերաբերվեն իշխանությունների կողմից վերջին շրջանում հայտարարած ժողովրդավարացման նախաձեռնությանը, որի շրջանակներում է քրդական հարցի կարգավորումը եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։

2003 եւ 2006 թվականների համաժողովին մասնակցած եւ երկրորդ անձը եղած Աբդուլահ Գյուլը այս անգամ չի լինի եւ կբավարարվի միայն ուղերձ հղելով, քանի որ նա արդեն Թուրքիայի նախագահն է։

Փոխվելու են նաեւ ԱԶԿ-ի կարգախոսները։ Նոր կարգախոսները կլինեն՝ «Մենք միասին Թուրքիա ենք», «Միշտ միասին, միշտ առաջ», «Արդարության, զարգացման, մաքուր քաղաքականության, Թուրքիայի համար ենք աշխատում», «Միշտ ազգ, միշտ ծառայություն»։

Ըստ առաջին համաժողովի, որը տեղի է ունեցել 2003 թվականին, կուսակցության առաջնորդը իրավունք ունի ղեկավարել մինչեւ չորս համաժողով։ Այսինքն եթե կանոնադրության մեջ փոփոխություններ չլինեն՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2015 թվականին՝ 61 տարեկան հասակում ստիպված կլինի թողնել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնը։