Կառավարությունները պետք է երեք բան անեն Covid-19-ով «վարակման շղթաները» կտրելու համար, նախքան իրենց տնտեսությունները վերաբացելը, CNBC-ին ասել է Օքսֆորդի համալսարանին առընթեր Սքոլի սոցիալական ձեռնարկատիրության կենտրոնի տնօրեն Փիթեր Դրոբակը:

Նրա խոսքով` առանց որոշակի միջոցներ ձեռնարկելու սահմանափակումների թուլացումը կարող է կորոնավիրուսային վարակի դեպքերի կրկնակի աճի հանգեցնել: Նա երեք քայլ է առաջարկել, որոնք կառավարությունները կարող են ձեռնարկել այս ռիսկը նվազագույնի հասցնելու համար: «Դա թեստավորումն է, շփումներին հետեւելը եւ վարակակիրներին մեկուսացնելու հնարավորությունը,- ասել է նա:- Եթե դուք չունեք այդպիսի ենթակառուցվածք, ապա իսկապես զգալի ռիսկ եք կրում»:

Նա որպես օրինակ նշեց Հարավային Կորեան, որը որպես օրինակելի երկիր է հայտնի լայնամասշտաբ թեստավորումների անցկացման, շփումների ինտենսիվ վերահսկման եւ կարանտինային միջոցների ճանապարհով բռնկման հաջող զսպման գործում: Մի երկիր, որը դանդաղորեն վերականգնում է իր տնտեսությունը, մինչ օրս Covid-19-ով վարակման 10 804  եւ մահվան 254 դեպք է գրանցել:

Ըստ Դրոբակի` Սինգապուրը նույնպես կարելի է մի երկիր համարել, որը լավ է արձագանքել բռնկմանը: Սինգապուրը հաղորդել է կորոնավիրուսով վարակման 19 410 եւ մահվան 18 դեպքի մասին: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում գրանցվել է ավելի քան 1.1 միլիոն վարակման եւ գրեթե 69.000 մահվան դեպք, Միացյալ Թագավորությունում գրանցվել է 191.832 վարակման եւ ավելի քան 32.000 մահվան դեպք: «Եվրոպայում Չեխիան, Ավստրիան եւ Նորվեգիան իսկապես լավ արդյունքներ են գրանցել վաղ փուլում կորի հաղթահարման եւ վատթարագույնի կանխման գործում,- ասել է նա CNBC-ին:- Այն, ինչ մենք տեսնում ենք, տարբեր մոտեցումներ են տարբեր երկրներում, ինչը ցույց է տալիս, որ չկա ճշգրիտ դասագիրք, թե ինչպես սկսել մեղմել սահմանափակումները»:

Դրոբակը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ճանապարհին եւս մեկ խոչընդոտ է միջսահմանային համագործակցության բացակայությունը: «Ազգայնականությունն այս խնդիրը չի լուծի որեւէ երկրի համար,- ասել է նա:- Վիրուսը չգիտի եւ չի հոգում մեր սահմանների կամ քաղաքականության մասին, ուստի մեզանից ոչ ոք ապահովագրված չէ վիրուսից»: