Մի շարք հայտնի մարդիկ եւ գիտնականներ, այդ թվում՝ Մադոննան, Ռոբերտ դե Նիրոն եւ Նոբելյան մրցանակակիրների մի խումբ, կոչ են արել արմատական փոփոխություններ կատարել աշխարհում, այլ ոչ թե կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո «նորմալ իրավիճակի վերադառնալ», հայտնում է AFP-ը:
Հոլիվուդյան աստղեր Քեյթ Բլանշետը, Ջեյն Ֆոնդան, Մարիոն Կոտիյարը եւ Մոնիկա Բելուչին նույնպես ստորագրել են ֆրանսիական Le Monde թերթում հրապարակված բաց նամակի տակ, որով կոչ է արվում դադարեցնել անհագ սպառումը եւ մոլորակը փրկելու համար տնտեսությունների «արմատական վերափոխում» իրականացնել:
«Մենք կարծում ենք, որ «նորմալ կյանքի» վերադառնալը աներեւակայելի է»,- ասվում է նամակում, որը ստորագրել է նաեւ բժշկության, քիմիայի եւ ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակի, ինչպես նաեւ Խաղաղության մրցանակի դափնեկիր Մուհամմեդ Յունուսը:
Հեղինակները նշում են, որ համաճարակը դարձել է ողբերգություն, սակայն նաեւ մարդկության համար հնարավորություն «ուսումնասիրել այն, ինչ անհրաժեշտ է»:
«Շարունակվող բնապահպանական աղետը մեթաճգնաժամ է: Ի տարբերություն համավարակի՝ գլոբալ բնապահպանական կոլապսը անչափելի հետեւանքներ կունենա»,- ասվում է նամակում:
200 ստորագրողները հայտարարել են, թե ժամանակն է, որ առաջնորդները «հետեւում թողնեն անկայուն տրամաբանությունը, որը դեռ գերակշռում է, եւ մեր նպատակների, արժեքների ու տնտեսության խորը ուսումնասիրություն կատարեն»: «Սպառման հետեւից ընկնելը եւ արտադրողականության մոլուցքը մեզ բերել են հենց կյանքի արժեքը մերժելուն՝ բույսերի, կենդանիների եւ շատ մարդկանց արժեքը»: «Աղտոտումը, կլիմայի փոփոխությունը եւ մեր մնացած բնական տարածքների ոչնչացումը աշխարհը բեկումնային են դարձրել»:


























