Ամերիկյան ռեժիսոր Մայքլ Մուրը կորոնավիրուսի համավարակը համարում է Երկրի «փափուկ նախազգուշացում», մինչ նա «վրեժխնդիր կլինի» մարդկությունից կլիմայի փոփոխության համար։
Մուրը հրապարակել է իր Rumble փոդքասթի նոր թողարկումը, որում քննարկում է Երկրի վրա «արտակարգ իրավիճակը»: Նրա կարծիքով, COVID-19-ի հետ կապված իրավիճակը պարզապես սկիզբն է այն բանի, ինչը, նրա կարծիքով, պետք է տեղի ունենա:
«Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք արտակարգ իրավիճակում: Եվ ես չեմ խոսում կորոնավիրուսի մասին: Վիրուսները բնության մի մասն են: Սա նաեւ նրանց մոլորակն է, նրանք կյանքի ձեւ են եւ, ինչպես մյուս տեսակները, մարդասպաններ են: Ներկա այս համավարակը պարզապես մայր-բնության նախազգուշացումն է»,- ասում է նա:
Նա նաեւ իր ունկնդիրներին խնդրել է համավարակը դիտարկել որպես մոլորակից նախազգուշացում կլիմայի փոփոխության վերաբերյալ: «Ես իսկապես ուզում եմ, որ դուք բոլորդ օգտվեք այս պահից, ընկալեք այս վիրուսը որպես Երկրի ապտակ մեր հավաքական դեմքին»,- պարզաբանել է նա: «Վերաբերվիր դրան այնպես, կարծես բնությունը փորձում է ստիպել մեր տեսակին նահանջել, դանդաղել եւ փոխել ուղին»:
Նա նախազգուշացրել է մարդկանց այն վտանգների մասին, որոնց հետ կբախվի մոլորակը առաջիկա տարիներին՝ նշելով, որ այս խնդիրը լուծելու համար մենք այլեւս չենք կարող օգտագործել արեւային մարտկոցներ եւ հողմաղացներ: «Այս մոլորակը կարող է մեզ ոչնչացնել մատի մեկ հարվածով»,- ասել է նա՝ հավելելով․ «Ես գիտեմ, թե ինչ եք մտածում. «Փառք Աստծո, մոլորակը մատներ չունի»: Այնուամենայնիվ, դուք չեք պատկերացնում, թե որքան սարսափելի կլինի Երկրի վրեժխնդրությունը մեզնից, որ մենք փորձել ենք խեղդել նրան՝ մահվան հասցնելով: Մենք գտնվում ենք լուրջ, բազմաստիճան մոլորակային արտակարգ իրավիճակում»:


























