Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունները լուրջ խնդիրների են բախվում՝ կապված պատվերների անբավարար ծավալների հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, «Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Առաջավոր տեխնոլոգիաների ընկերությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի պաշտոնատար անձինք ռազմաարդյունաբերական համալիրին առնչվող հարցերում ձգտում են միայն «պարծենալ»՝ շրջանցելով խնդրահարույց հարցերը: Իսկ իրականում Հայաստանում արտադրանք է ստեղծվում, սակայն դրա քանակությունն ու ծավալները չեն համապատասխանում երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին:
Հայ գեներալները նախընտրում են զենք գնել Ռուսաստանից: Վարդանյանը շեշտեց, որ Հայաստանը բանակային լուրջ բարեփոխման կարիք ունի: «Հակառակ դեպքում, մեր բանակի գործող կառուցվածքի դեպքում, որը համապատասխանում է ռուսական ցամաքային զորքերի կառուցվածքին, դժվար կլինի հաջողության հասնել ղարաբաղյան հաջորդ պատերազմում»,- հայտարարեց նա:
Վարդանյանը վստահ է, որ հայկական բանակի գործող կառուցվածքը նույն կերպ խոչընդոտում է նաեւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը:



























