«Ռոսնեֆթ»-ը РБК-ի դեմ հայցադիմում է ներկայացրել Մոսկվայի Արբիտրաժային դատարան, որով ընկերությունը պահանջում է РБК-ից գանձում կատարել վարկանշային վնասի համար։ Հայցի առիթ է հանդիսացել մի հոդվածի վերնագիրն այն մասին, որ պետական «Ռոսզարուբեժնեֆթ»-ին պատկանող «РН-Охрана-Рязань» մասնավոր պահապան ձեռնարկություն» ԲԲԸ-ն մայիսի 13-ին դարձել է Ազգային նավթային կոնսորցիումի 80%-ի սեփականատեր, ինչի մասին վկայում են Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի տվյալները։
Հոդվածի առաջին տարբերակը հրապարակվել է «Ռյազանի ՄՊՁ-ն մասնաբաժին է ստացել «Ռոսնեֆթ»-ի նախկին վենեսուելական նախագծում» վերնագրով։ Հաջորդ օրը վերնագիրը, կապված «Ռոսնեֆթ»-ից մեկնաբանություններ ստանալու հետ, փոխարինվել է ««Ռոսզարուբեժնեֆթ»-ը ՄՊՁ-ի միջոցով ստացել է «Ռոսնեֆթ»-ի նախկին վենեսուելական ակտիվը»-ով։
«Վերնագրի առաջին տարբերակը բացարձակ տեղին է, այն փոփոխվել է ոչ թե անճշտության պատճառով, այլ ընկերության մեկնաբանությունից գործարքում ՄՊՁ-ի տեխնիկական դերի մասին լրացուցիչ տեղեկություն արտացոլելու համար։ Ռյազանի ՄՊՁ-ն, որն այժմ ներառված է «Ռոսզարուբեժնեֆթ»-ի կազմում, ստացել է Վենեսուելայում «Ռոսնեֆթ»-ի նախկին ակտիվը։ Սա փաստ է պաշտոնական տեղեկատվությունից։ Եւ РБК-ի վերնագիրն արտացոլել է այդ փաստը»,- հայտարարել է РБК-ի միասնական խմբագրության ղեկավար Պյոտր Կանաեւը։
РБК-ն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, թե վստահ է, որ հրապարակված տեղեկատվությունը ճշմարիտ եւ օբյեկտիվ է՝ հիմնված բացառապես պաշտոնական տվյալների վրա։
«Ռոսնեֆթ»-ում համարում են, որ վերնագիրը կասկածի տակ է դրել «խմբի շրջանակից դուրս վենեսուելական ակտիվների օտարման» փաստը, եւ հրապարակումը «լրացուցիչ ռիսկեր է ստեղծել հայցորդի համար՝ նրա համար առաջացնելով լրացուցիչ սանկցիոն քաղաքականություն՝ չնայած Վենեսուելայում գործունեության փաստացի դադարեցմանը»։
Հայցի գումարի չափը «Ռոսնեֆտ»-ում բացատրել են հրապարակման օրը ՄԲԲ-ում ընկերության բաժնետոմսերի ամենավատ դինամիկայով`նավթի եւ գազի ոլորտային ինդեքսի համեմատությամբ:
«Մենք հիացած ենք ռուսական եւ համաշխարհային շուկաների վրա РБК-ի ազդեցության գնահատականով եւ մտադիր ենք հետագայում եւս մեր լսարանին տրամադրել հավասարակշռված տեղեկատվություն, որն օգնում է որոշում կայացնել բիզնեսում»,- ասել է РБК-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Մոլիբոգը:




























