Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Երուսաղեմի Տաճարի լեռան կրոնական սրբավայրերի համալիր մահմեդականների մուտքը սահմանափակելու կապակցությամբ։
Կիրակի, հոկտեմբերի 4-ին, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու պաղեստինցիների միջեւ։ Ցուցարարները, որոնց թիվը հասնում էր 150-ի, այրվող շշեր ու քարեր են նետել իրենց ճանապարհը փակած ոստիկանների վրա։ Ըստ Associated Press գործակալության տվյալների, դրան ի պատասխան՝ տեղի իրավապահ ուժերը արցունքաբեր գազ են կիրառել։ Բախման արդյունքում, ինչպես տեղեկացնում է Reuters-ը, 9 պաղեստինցիներ թեթեւ վնասվածքներ են ստացել, այդ թվում եւ թունավորում գազից։ Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են 3 ձերբակալվածների մասին։
Newsru.co-ի տվյալների համաձայն, անցած գիշեր Երուսաղեմ են բերվել 3000 ոստիկաններ՝ երկրի բոլոր շրջաններից։ Ոստիկանական խոշոր ուժերը՝ ներառյալ եւ սահմանապահ ոստիկանության աշխատակիցներն ու հատուկ ստորաբաժանումների մարտիկները, տեղակայվել են արեւելյան Երուսաղեմում ու մոտակա գյուղերում, ինչպես նաեւ քաղաքի արեւմտյան շրջաններում։ Քաղաքը պարեկում են նաեւ ոստիկանական ուղղաթիռները։
50 տարեկանից ցածր մահմեդական տղամարդկանց Տաճարի լեռ մուտքը սահմանափակող միջոցները, ըստ պաշտոնական տվյալների, ձեռնարկվել են Լացի պատի մոտ ուխտավորների անվտանգության ապահովման նպատակով, որտեղ այսօր աղոթքի են հավաքվելու հազարավոր հուդայական ուխտավորներ։



























