Ռուսաստանը Բելառուսին չի հատկացնի 2 մլրդ. դոլար վարկի 500 մլն. դոլարի վերջին տրանշը եւ չի տրամադրի Ուկրաինային՝ վերջինիս խնդրած 5 մլրդ. դոլարի վարկը։ Այս մասին հոկտեմբերի 5-ին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը Ստամբուլում, որտեղ ընթանում է ԱՄՀ-ի ու Համաշխարհային բանկի տարեկան նստաշրջանը։

Ըստ Կուդրինի, Մոսկվան այդ երկրների կաջակցի՝ ԱՄՀ-ից ու Եվրասիական տնտեսական խորհրդի հակաճգնաժամային հիմնադրամից փոխառություններ ստանալուն։

Միաժամանակ, ըստ նրա, Մոսկվան պատրաստ է վարկ տրամադրել Բուլղարիային ու Սերբիային, որոնք նույնպես դիմել են՝ օգնության ակնկալիքով։

«Սերբիան դիմել է 1 մլրդ. եվրո վարկի խնդրանքով, դրանցից 350 մլն. եվրոն որպես բյուջետային վարկ, մնացածը՝ որպես ներդրումային վարկեր»,- հայտարարել է Կուդրինը՝ հավելելով, որ վարկի տրամադրումը, ամենայն հավանականությամբ, կիրականացվի փուլ առ փուլ։

Ըստ նրա, վարկի ժամկետը, պայմաններն ու չափը կորոշվեն մոտակա երկու շաբաթվա ընթացքում։