«Լուսավոր Հայաստանի» հետ բանակցություններն ընթանում են համագործակցության մթնոլորտում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արման Աբովյանը:

Նա պարզաբանեց, որ պետք է հիմնվել հանրային հայտարարությունների վրա: «Այս փուլում բանակցություններ եւ խորհրդակցություններ են անցկացվում, սակայն մանրամասներ դեռ չեմ կարող ներկայացնել»,-հավելեց Աբովյանը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» հունիսի 22-ին ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որին համապատասխան՝ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին:

Բացի այդ, նախատեսվում է, որ ՍԴ նախագահի լիազորությունների ժամկետը դադարեցվում է, որից հետո ընտրվում է ՍԴ նոր նախագահ: «Իմ քայլը» 89 ձայներով դեմ է քվեարկել ՍԴ-ին նախագծի փոխանցմանը:

Նշենք, որ նույն օրը «Բարգավաճ Հայաստանը» ստորագրահավաք է նախաձեռնել ՍԴ դիմելու համար: ԲՀԿ-ն դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ միանալու ստորագրահավաքին: