Այստեղ շատ զազրելի պրոցես կա, երբ քաղաքակիրթ աշխարհն ուղղակի լռում է սրանց ապօրինությունների վրա, չեմ հասկանում` ի՞նչ միջազգային շահեր են բախվում Նիկոլ Փաշինյանի շուրջ։ Այս մասին այսօր` հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպանն ասաց «Այլընտրանք» Հ/Կ համանախագահ Նարեկ Մանթաշյանը` անդրադառնալով Սահմանադրության փոփոխություններին։

«Որևէ երկրում նման բանի համար  համաշխարհային ամբողջ  հանրությունը սանկցիաներ կիրառեր»,- ասել է նա:

Հ/Կ նախագահի խոսքով` այլ երկրներում հնարավոր չէ նման ընթացակարգով օրենք ընդունել` արհամարհելով մնացածի կարծիքն ու իրավունքը այդ օրենքի վերաբերյալ։

«Ամեն  ինչ այնքան աբսուրդի ժանրից է դարձել, որ գեթ մեկ մարդ չգտնվեց, որը մտածեր իրավական պետության հիմնասյուների մասին:

Շատ բաներ, որոնք իրենցից ոչ մեծ կարևորություն են  ներկայացնում, դրանց քննարկումը տևում է ամիսներ, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 88 հոգով  կարող են նստել-որոշել, որ այսօր  մեզ էսպես հարմար չի, այլ էնպես է հարմա՞ր:

Թերուսների հավաքածուն, ովքեր իրավական նորմալ կրթություն  չունեն, նորմալ անցյալ չունեն, ոչ էլ, կարելի է ասել, նորմալ ապագա կունենան, քանի որ իշխանափոխության հաջորդ օրվանից լրագրողները նույնիսկ իրենց տեղը չեն հիշելու: Դրանք բոլորը մեկ մարդու դեմքով եկել են իշխանության և  այսօր իրենց հոգու պարտքն են համարում  Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքները կատարել»,- ասում է  Նարեկ Մանթաշյանը:

Մանթաշյանի խոսքով` եթե սոցհարցում անցկացնեն, կտեսնեն, որ համաքաղաքացիներից գրեթե ոչ ոք դեմքով կամ անուն  ազգանունով չի ճանաչի Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին, կամ Հրանտ Նազարյանին:

Նրա խոսքով` նման հանրային պահանջ գոյություն չունի, և սա  հերթական սուտն էր իշխանությունների կողմից:

«Այս ամենի համատեսքստում ինձ համար շատ մեծ հարցական  ու հետաքրքրասիրություն է Էդմոն Մարուքյանի և նրանց քաղաքական ուժի պահվածքը, քանի որ, երբ քեզ հայտարարում ես ընդդիմություն ու քթիդ տակ ոտնահարվում է Սահմանադրությունը, քանի որ այս պահին Հայաստանում  խախտված է Սահմանադրական կարգը, և ընդդիմության երկրորդ ուժը`  ի դեմս Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստանի»,  վերականգնման համար որևէ գործուն քայլ չի անում: Սա նշանակում է, որ Էդմոն Մարուքյանը դադարում է  հանրության համար լինել ընդդիմադիր խոսքի ներկայացուցիչը Ազգային ժողովում, սրանով նրա հետագա քաղաքական կարիերան ևս վտանգված է»,- ասում է ՀԿ նախագահը: