ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստվում են Սահմանադրական դատարանից հետ վերցնել Ռոբերտ Քոչարյանի դիմումները։
Այս քայլը նա պարզաբանեց այն տեսանկյունից, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՍԴ կդիմի այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի դիմումը կքննի ՍԴ-ն։
Հուլիսի 24-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այս փուլում չեն միանա ԲՀԿ-ի նախաձեռնությանը, այլ կսպասեն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ավարտին։
«Որպեսզի որեւէ ձեւով չմիջամտենք այս գործընթացին, այսինքն չընկալվի, որ մենք նույնպես փորձում ենք միջամտել այս գործընթացին… վեճի հետ կապված հարցերով Սահմանադրությունը տալիս է 3 ամիս ժամկետ, իսկ օրենքի հետ կապված ընդհանրապես ժամկետ չկա: Հիմա մենք դիմումի վրա կաշխատենք, կուժեղացնենք, եւ հենց որ երկրորդ նախագահի գործով նիստը տեղի կունենա եւ կավարտվի, ՍԴ կմուտքագրվի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված մեր դիմումը»,- ասել էր ԼՀԿ ղեկավարը։
NEWS.am-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից փորձեց պարզաբանումներ ստանալ, թե այս պարագայում իրենք կմիանա՞ն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը և ՍԴ կդիմե՞ն, սակայն խմբակցությունից տեղեկացրեցին, որ Էդմոն Մարուքյանը այս թեմայի շուրջ ժամը 16։00-ին ԱԺ-ում հայտարարություն կանի։




























