Մինչեւ տարվա վերջ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կփակի իր ներկայացուցչական գրասենյակը Ադրբեջանում,- հաղորդում է «Թուրան» գործակալությունը։ Իր որոշումը ԱՄՀ-ն բացատրում է կողմերի միջեւ համագործակցության ֆինանսական ծրագրերի բացակայությամբ ու ծախսերի կրճատման անհրաժեշտությամբ։
Գրասենյակի հաշվով վեցերորդ ղեկավար Կոբա Գվենիթաձեի մեկնման նախապատրաստությունն արդեն սկսվել է։ «Կառավարության հետ հետագա շփումների համակարգման համար ԱՄՀ-ն կարող է թողնել մեկ կամ երկու աշխատակցի` ներկայիս 6-ի փոխարեն»,- հայտնել է գործակալությանը գրասենյակի ղեկավարը։
Մինչդեռ, ինչպես հայտնում է «Զերկալո» թերթը, ներկայումս ԱՄՀ-ի նկատմամբ Ադրբեջանի պարտավորությունները կազմում են մոտ 40 մլն. դոլար, որոնք նախատեսվում է լիովին մարել մինչեւ 2014 թվականը։ Համագործակցության 17 տարիների ընթացքում երկիրն ԱՄՀ-ից ստացել է ավելի քան 363 մլն. դոլարի ֆինանսական օգնություն, այդ թվում 248 մլն. դոլարի չափով արտոնյալ վարկեր։



























