Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ նախաստորագրված երկու արձանագրությունների լույսի ներքո Արգենտինայի ՀՅ Դաշնակցության Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները մի քանի հանդիպումներ են ունեցել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի հետ,- հայտնում է Արգենտինայի հայ համայնքի Diario Armenia թերթը։
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ պրն Կարմիրշալյանին ներկայացվել է արձանագրությունների վերաբերյալ ՀՅ Դաշնակցության պաշտոնական դիրքորոշումը։ Մասնավորապես, ասվել է, որ պետք է վերաձեւակերպվեն փաստաթղթերի այն կետերը, որոնք կասկած եւ հակասական մտքեր են հարուցում։ Կուսակցության ներկայացուցիչ դոկտոր Խաչիկ Տեր-Ղուկասյանն ասել է, որ Դաշնակցությունն աջակցում է հայ-թուրքական սահմանի բացմանը, սակայն առանց նախապայմանների ու միջազգային իրավունքին համապատասխան։
Դեսպանն, իր հերթին, ներկայացրել է սեփական դիրքորոշումը, այն է՝ Թուրքիայի հետ բանակցային գործընթացում նախապայմաններ չկան, իսկ Հայոց ցեղասպանության հարցը երկրորդ պլան մղված չէ։



























