Երեւանի թիվ 8 ընտրատարածքում առաջադրված Հակոբ Հակոբյանը ինքնաբացարկ չի հայտարարել: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը՝ մեկնաբանելով Հակոբյանի ինքնաբացարկի մասին մամուլում շրջանառվող լուրերը:

Օլեգ Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ մինչեւ նոյեմբերի 22-ը թեկնածուները կարող են հանել իրենց թեկնածությունը:

Ընտրությունները թիվ 8 ընտրատարածքում տեղի են ունենալու դեկտեմբերի 6-ին: Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ առաջադրված թեկնածուները մինչեւ հոկտեմբերի 22-ը պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Առ այսօր, ըստ ԸԸՀ նախագահի, որեւէ մեկը չի ներկայացրել փաստաթղթերը: Հիշեցնենք, որ թիվ 8-ում առաջադրվել են անկուսակցական Հակոբ Հակոբյանը, գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը եւ դասախոս Կորյուն Նահապետյանը, որին սատարում է կառավարող հանրապետական կուսակցությունը: