ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը խիստ արդյունավետ է աշխատել: Այդ մասին հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը հայտնեց, որ առաջին անգամ պատվիրակությունը կարողացավ արժանի պատասխան տալ ադրբեջանական պատվիրակության հետեւողական կեղծիքի քարոզչությանը: «2001թ.-ից սկսած ադրբեջանական պատվիրակությունը վեհաժողովը ողողում էր խեղաթյուրված քարոզչական միջոցներով, եւ այս անգամ հայկական պատվիրակությունը բաժանեց անհրաժեշտ քարոզչամիջոցներ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Պետք է ասեմ, որ մեր գործելաոճն իսկապես անակնկալ էր ադրբեջանական պատվիրակության անդամների համար, որոնք ուղղակի աղմուկ-աղաղակ բարձրացրին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը եւ հավելեց, որ հայկական պատվիրակության քայլը մթնոլորտ է փոխել:
ԲՀԿ-ական պատգամավորը նաեւ նկատեց, որ ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածել, թե վեհաժողովի ղեկավարությունը հայկական պատվիրակությանը նկատողություն է հայտնել, ինչը չի համապատասխանում իրականությանը:
ԲՀԿ-ական պատգամավորը նաեւ կառավարությանը առաջարկեց բյուջեից առանձին գումար հատկացնել քարոզչական պատերազմին արժանապատվորեն պատրաստվելու համար:



























