COVID-19-ի դեմ չինական ներակտիվացված պատվաստանյութը հավանություն ստանալուց հետո կարող է շուկայում հայտնվել այս տարվա դեկտեմբերի վերջին, հայտնել է կուսկոմի քարտուղար, Sinopharm պետական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Լյու Ցզինչժենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պեկինի բիոդեղամիջոցների հետազոտական ինստիտուտը ապրիլի 27-ին սկսել է ներակտիվացված պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, հուլիսի 28-ին հրապարակվել են կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները, հունիսի 23-ին Sinopharm-ը ԱՄԷ-ում սկսել է միջազգային կլինիկական փորձարկումների երրորդ փուլը։ Միջազգային կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ավարտից հետո կարելի է անցնել պատվաստանյութի հավանության փուլին, ակնկալում ենք, որ այս տարվա դեկտեմբերի վերջին պատվաստանյութը կարող է շուկա դուրս գալ»,- «Չժունգո վանի» փոխանցմամբ ասել է Լյու Ցզինչժենը։

Նա հայտնել է, որ փետրվարի 16-ին կորպորացիան պատվաստանյութի իմունածնության հետազոտություններ էր սկսել փորձակենդանիների 7 տեսակների վրա, այդ թվում՝ սպիտակ առնետների, մկների, ծովախոզուկների, մակակների եւ ճագարների, եւ ստուգել պատվաստանյութի արդյունավետությունը։ Այնուհետեւ պատվաստանյութի փորձարկումներ են կատարվել մարդկանց ոչ մեծ խմբի վրա, որից հետո սկսվել են կլինիկական փորձարկումները։

Զուգահեռ այս պատվաստանյութի փորձարկումներ են անցկացվել Ուհանի բիոդեղամիջոցների հետազոտական ինստիտուտում, որտեղ ապրիլի 12-ին ընթացել են կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերը, հունիսի 16-ին հրապարակված արդյունքները, Լյու Ցզինչժենի խոսքով, վկայում են պատվաստանյութի անվտանգության մասին, չի գրանցվել ծանր կողմնակի հետեւանքի ոչ մի դեպք, պատվաստումից հետո փորձարկվողների մոտ հակամարմիններ են արտադրվել։