ՄԱԿ Անվտանգության խորհրդում ջախջախիչ պարտությունից հետո Միացյալ Նահանգները պատրաստ է ՄԱԿ-ին կոչ անել Իրանի դեմ կրկին պատժամիջոցներ սահմանել՝ հազվադեպ օգտագործվող դիվանագիտական մանեւրի միջոցով, որը, հավանաբար, կարող է է՛լ ավելի շատ մեկուսացնել Թրամփի վարչակազմին եւ ՄԱԿ-ում վստահության ճգնաժամ առաջացնել, նշում է AP-ն։

Իրանի դեմ պատժամիջոցները մեղմացվել էին 2015 թվականի միջուկային գործարքին համապատասխան, որից 2 տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց։ Բայց անցյալ շաբաթ ԱՄՆ-ին չեն հաջողվել Իրանին զենքի մատակարարումների միջազգային էմբարգոն անորոշ ժամանակով երկարաձգելու փորձերը եւ հիմա որոշել է անցնել հարձակման նոր դիվանագիտական գծի։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հինգշաբթի կուղեւորվի Նյու Յորք՝ ՄԱԿ ԱԽ նախագահին իրազեկելու, որ Միացյալ Նահանգները գործարկում է բանաձեւում «հակադարձ մեխանիզմը», որը հավանություն է տալիս միջուկային գործարքին։ Դա մասնակիցներին թույլ կտա պահանջել ՄԱԿ բոլոր պատժամիջոցների վերականգնում բարդ ընթացակարգով, որի վրա չի կարելի վետո դնել։

Սպասվում է, որ Պետքարտուղարությունը Պոմպեոյի ուղեւորության ծրագրերի մասին կհայտարարի չորեքշաբթի, բայց նա եւ Թրամփը չեն թաքցնում «հակադարձ մեխանիզմը» կիրառելու իրենց մտադրությունը, առավել եւս՝ որ զենքի մատակարարումների էմբարգոն երկարաձգելու նրանց փորձը անցած ուրբաթ խայտառակ պարտություն է կրել։

Ինչպես զենքի մատակարարումների էմբարգոյի երկարաձգումը, այնպես էլ վարչակազմի ծրագիրը կտրուկ կերպով հակազդում է Չինաստանին եւ Ռուսաստանին, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի մյուս անդամներին, ներառյալ ԱՄՆ դաշնակիցներին, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային, եւ կարող է ՄԱԿ քաղաքականության լեգիտիմության համար պայքարի հող նախապատրաստել։

ԱՄՆ-ն պնդում է, որ որպես միջուկային գործարքի սկզբնական անդամ պահպանում է պատժամիջոցների վերականգնումը պահանջելու իրավունքը։ Մյուսները, որոնք նախկինի պես աջակցում են գործարքը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն լիազորություններ չունի, երբ Թրամփը 2018 թվականին գործարքից դուրս եկավ, պարզ չէ՝ կկարողանա՞ն տեխնիկական ընթացակարգային միջոցներով կասեցնել «հակադարձ մեխանիզմի» գործարկումը։

ԱՄՆ փաստարկը չափազանց հակասական է։ Չինացիները, ռուսները եւ եվրոպացիները այն ծաղրում են, եւ անգամ Միացյալ Նահանգներում ամենաազդեցիկ իրանական ճուռակները դրա հետ համաձայն չեն։

Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այս մեխանիզմը գործարկելու իրավունքը կորցրեց, երբ գործարքից դուրս եկավ, եւ որ առաջ ընթանալը չարժե այն վնասը, որը կարող է հասցվել ԱԽ-ում ԱՄՆ վետոյի իրավունքին։

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այս շաբաթ գովաբանել է Բոլթոնին։ «Նա, համենայնդեպս, հետեւողական է՝ գիծ, որը պակասում է ԱՄՆ այս վարչակազմին»,- նշել է Զարիֆը։

Իակ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով նախկին տեղակալ Վենդի Շերմանը, որը Օբամայի վարչակազմում միջուկային համաձայնագրի հարցում առաջատար բանակցողն էր, ասել է․ «Անհնար է, որ որեւէ մեկը, որը հրաժարվել է (գործարքից), հակադարձ մեխանիզմը գործարկելու իրավունք կունենա»։

Այսպիսով՝ վարչակազմի առաջ շարժվելու համառ մղումը վեճերի համար հող է ստեղծել եւ այն բանի հնարավորություն, որ ՄԱԿ մյուս անդամները ուղղակի կանտեսեն ԱՄՆ կոչերը։ Այսպիսի ելքը կարող է պոտենցիալ կերպով կասկածի տակ դնել Անվտանգության խորհրդի իր սեփական իրավաբանորեն պարտադիր որոշումների կատարումն ապահովելու ունակությունը։

Սպասվում է, որ Պոմպեոն միջուկային գործարքը զգալիորեն չպահպանելու ապացույցներ կներկայացնի։ Իրանը չի հերքում գործարքի որոշ պայմանների խախտումները, բայց հայտարարում է, որ իր գործողությունները հրահրվել են ԱՄՆ հեռանալով եւ Թրամփի վարչակազմի կողմից պատժամիջոցների կրկնակի սահմանմամբ։

Օբամայի վարչակազմի մտահղացմամբ, որը բանակցություններ էր վարում, Միացյալ Նահանգները կամ խորհրդի ցանկացած այլ մշտական անդամ կարող էր օգտագործել իր վետոն, որ արգելափակեր պատժամիջոցները հանել շարունակելը։ Տեսականորեն դա բերելու է պատժամիջոցների կրկնակի սահմանման։

Բայց խորհրդի որեւիցե այլ անդամ կաջակցի՞ ԱՄՆ գործողությանը՝ հարցը բաց է։ ՄԱԿ որոշ փորձագետներ կարծում են, որ մյուսները ուղղակի կանտեսեն ամերիկացիներին, ինչի հետեւանքով Թրամփի վարչակազմը կհայտնվի մի վիճակում, որում, հավանաբար, ստիպված կլինի ներկայացնել պատժամիջոցների մեղմացումը երկարաձգելու իր բանաձեւը՝ դրա վրա վետո կիրառելու միակ նպատակով։