Եթե ճանապարհաշինությունն իրականացվում է վարկային գծով, ապա ճիշտ են անում, որովհետեւ այդ միջոցները չես կարող ծախսել այլ բաների վրա. ուղղակի պետք է առաջնահերթությունը տալ այն ճանապարհներին, որտեղ ծանրաբեռնվածություն կա: Այս մասին տնտեսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ժամանակին գյուղատնտեսական որոշ ճյուղերի զարգացման համար բացի պետական ներդրումներից, մենք նաեւ ուղղակի պրոտեկցիա էինք իրականացնում: Անուղղկի ձեւով ուղղակի պրոտեկցիա: Օրինակ, 1997-1998 թվականներին հավի ձուն 90 տոկոոսվ ներմուծվում էր: Ինչ ենք մեր արել. Հանդիպել եմ մարդկանց հետ, որոնք նախկինում այդ փորձն ունեցել են, ասել եմ՝ ինչքան ժամանակ է պետք, եթե ձեզ ամբողջությամբ այդ հնարավորությունը տանք: Ասել են՝ 2 տարում շուկան ամբողջությամբ կփակենք: Մենք սահմանափակումներ էին իրականացնում Թուրքիայից: Երկու տարում զրոյի հասցրեցինք ձվի ներմուծումը, հետո սկսեցինք արտահանել Վրաստան: Նաեւ կերի վրայից ենք հարկերը հանել, իրենց վարկային միջոցներ ենք տվել: Այն ժամանակ դեռ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէինք եւ այդ գործիքների, սահմանափակումների կիրառումը հնարավոր էր: Հիմա էլ հնարավոր է, միգուցե ոչ այդպես կոպիտ միջամտության ձեւով, այլ ուրիշ տարբերակներով ճյուղ առ ճյուղ նայել, թե ինչ պետք է անել: Չկա պետություն, որտեղ պետությունը կանգնած չլինի գյուղացու կողքին»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում, որ պարտադիր է դարձել սպանդանոցային մորթը եւ շատ գյուղացիներ բողոքում են, Քոչարյանը պատասխանեց. «Պետությունը պետք է սուբսիդավորի ինչ-որ ծախսեր: Պետությունը պետք է իր վրա վերցնի այդ գործառույթը, կազմակերպի, աշխատեցնի, երկու տարի հետո մասնավորեցնի: Եթե դու մի բան արգելու, ես եւ պարտադրում ես, որ մարդիկ քո ուզածն անեն, դու պետք է ծախսի առյուծի բաժինը քո վրա վերցնես:

Ես այս հարցում ուրիշ ձեւով կանեի. Բոլոր մեծ գյուղերում ուղղակի պետական ծրագրով փոքր սպանդանոցներ կսարքեի: Գյուղի, կամ միգուցե մոտակա մի քանի գյուղի համար, դա դառնում է համայնքային սեփականություն, կամ ջրօգտագործողների միության պես մի բան եւ գյուղացիք իրար հետ շատ լավ պայմանավորվում են: Եթե պետությունը դա չի անում, ո՞վ պետք է անի: Սա շատ ընկալելի տարբերակ է, բայց այդ ոլորտի մարդկանց հետ չեն քննարկում: Համարում են, որ իրենք ամենախելոք են»: