Այսօր Երեւանում մեկնարկել է ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ՀՔՄԽ) հոբելյանական` 30-րդ նիստը, որի աշխատանքներին մասնակցում են ԱՊՀ անդամ եւ աշխարհի այլ երկրների հակամենաշնորհային կամ մրցակցային մարմինների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեզ մտահոգում են Հայաստանում առկա մենաշնորհային երեւույթները, որոնց պատճառներն են ստվերային տնտեսությունն ու միջազգային շուկաներ դուրս գալու սահմանափակ ուղիները, քանի որ միայն Վրաստանի եւ Իրանի տարածքով արտահանումն ու ներկրումը թանկ է արժենում, փոքր եւ միջին բիզնեսը չի կարողանում դա իրեն թույլ տալ, եւ դաշտը մնում է միայն խոշոր խաղացողներին: Ներքին մրցակցությանը խոչընդոտում է նաեւ տարածաշրջանում Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը»: Ըստ նրա, կառավարության հակաճգնաժամային միջոցառումները նպատակ ունեն դիվերսիֆիկացնել տնտեսությունը, աջակցել փոքր ու միջին ձեռնարկություններին, մասնավորապես` նրանց համար մատչելի դարձնելով վարկային միջոցները, բարփոխել հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտը:
Նիստին մասնակցել են ավելի քան 14 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Հունգարիայի, Ավստրիայի, Ռումինիայի համակենաշնորհային մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները, Եվրահանձնաժողովի, ԵԱՀԿ-ի, AEPLAC-ի, GTZ-ի, Համաշխարհային բանկի, ԱՄՆ ՄԶԳ-ի տեղական ներկայացուցիչները: Նիստին նախորդել են ԱՊՀ անդամ երկրների` հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի 13-րդ նիստի աշխատանքները:
Խորհրդի նիստի աշխատանքները կտեւեն երկու օր, վաղը` հոկտեմբերի 8-ին, ժամը 12-ին տեղի կունենա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի եւ ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ, ՌԴ Հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւի մամուլի ասուլիսը:




























