Հայաստանում ավելի ու ավելի հստակորեն են գծագրվում իշխանությունների համար ընդունելի ընդդիմության նոր ուղղության ուրվագծերը։ Քաղաքական մի շարք ուժերի համագործակցության թղթային ձեւակերպման առիթ է հանդիսացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի դեմ էլ հանդես են եկել մի քանի կուսակցություններ։ Ավելի ստույգ, նրանք նաեւ հանդես են գալիս հարեւանների հետ նորմալ հարաբերությունների օգտին, սակայն Թուրքիայի առջեւ այնպիսի պահանջներ են դնում, որոնց նա չի համաձայնի սկզբունքորեն։

Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերջնաստորագրման դեմ 12 կուսակցությունների համատեղ հայտարարության ստորագրումը առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում առաջիկա համընդհանուր, այդ թվում եւ նախագահական ընտրությունների համար, հենց քաղաքական նոր նախագծի «գործարկման» տեսանկյունից։ Շատ խոսուն է ինքնին հասարակությունը, այսինքն այն կուսակցությունների ցանկը, որոնք ընդգրկված են նախագծում։ Հենց առաջին հայացքից ակնհայտ է դառնում, որ գործնականում խոսքը «մեկ լծվածքում» ՀՅ Դաշնակցության ու «Ժառանգություն» կուսակցության պաշտոնական համագործակցության սկզբի մասին է։ Գործող մյուս բոլոր անձինք գործնականում այդպիսին չեն, քանզի յուրաքանչյուր կուսակցության շուրջ չնչին բացառությամբ, համախմբված է մի քանի տասնյակ մարդ, իսկ լավագույն դեպքում՝ մի քանի հարյուր։

Հեշտ է պատասխան գտնել նաեւ այն հարցին, թե ՀՅԴ-ի ու «Ժառանգության» ինչին է պետք անկախության այս տարիների ընթացքում չկայացած քաղաքական ուժերի այդ հնացած բեռը, որոնք երբեք աչքի չեն ընկել առանձնահատուկ ընդդիմադիրությամբ. ակամայից անալոգիա է առաջանում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսի հետ։ Երբ վերջինս անսպասելիորեն հայտարարեց ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին, ապա առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրա թեկնածությանը սատարելու մասին, բացի առաջատար Հայաստանի Ժողովրդական կուսակցությունից, «Հանրապետություն» կուսակցությունից ու Հայոց համազգային շարժումից, հայտարարեցին մեկ տասնյակից ավելի փոքր կուսակցություններ։ Եվ նրանք բոլորը միասին ընդգրկվեցին 2008 թվականի օգոստոսի 1-ին ստեղծված Հայ ազգային կոնգրեսում՝ տեսանելի մակարդակով առավել մեծ ներկայացուցչություն ապահովելով ընդդիմադիր ճամբարի դերակատարներին։

Իսկ այժմ՝ ելնելով ընդդիմադիր ճամբարում կենտրոնական տեղ զբաղեցրած եւ առայժմ իրեն իրական այլընտրանք չունեցող ՀԱԿ-ի դրական փորձից, քաղաքական նոր նախագծի հեղինակները փորձում են աշխատել դրա ստեղծման ուղղությամբ։ Առայժմ ամեն բան սաղմնային վիճակում է, եւ համախմբման առաջին պայմանական փուլի գլխավոր արդյունքը եղավ անհաշտ ընդդիմությունից «Ժառանգություն» կուսակցության ակնհայտ հեռացումը եւ իշխանության համար առավել կամ պակաս ընդունելի ընդդիմախոսների ճամբարում հայտնվելը։ Իսկ այն մասին, որ չնայած Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականության դեմ ՀՅ Դաշնակցության ակտիվ պայքարի տեսանելիությանը, որ գործողությունները ծավալվում են նրանց համար ընդունելի սահմաններում, խոսում է այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները նույնիսկ չնչին խոչընդոտներ չեն հարուցում անցկացվող չարտոնված գործողությունների ընթացքում։

Վերջնականապես «մարմնավորված» ՀՅԴ-ի ու «Ժառանգության» մերձեցումը, որը մատուցվել է որպես հայ-թուրքական արձանագրությունների դեմ քաղաքական 12 կուսակցությունների համատեղ հայտարարություն, ակնհայտորեն տեղավորվում է «կառուցողական ընդդիմության» մեկուկես տարի թափուր մնացած տեղին հավակնող ուժերի նոր միավորման ստեղծման փորձում։ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համապատկերում «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի իշխանությունների թունդ ընդդիմախոսից նրանց հավելուկի վերածվելուց հետո, Հայաստանի քաղաքական բնապատկերում վերջնականապես ավարտվեց ընդդիմադիր ճամբարի մաքրման գործընթացը, որը սկսվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադարձով։ Բավական երկար ժամանակ երկրում պահպանվել էր քաղաքական բնապատկերի բացարձակ բեւեռացումը՝ բաժանված իշխող կոալիցիայի կողմնակիցների ու Հայ ազգային կոնգրեսի շուրջ համախմբված արմատական ընդդիմության միջեւ։ Իսկ այժմ մենք դառնում ենք «կառուցողական ընդդիմության» ուղղության ստեղծման փորձերի վկան, որը նախատեսված է երկարատեւ հեռանկարի համար, այլ ոչ թե հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ ներքաղաքական խորհրդատվությունների կարճ ժամանակահատվածի համար։ Դատելով այն բանից, թե ինչ է տեղի ունենում ներկա պահին, ընդդիմության իշխանությունների համար ընդունելի ուղղության հաջող ստեղծման ճանապարհի պոտենցիալ միակ խոչընդոտը մնում է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր ու ոչ պաշտոնական ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի իմպուլսիվությունն ու անսպասելի քայլերի հակվածությունը։ Հնարավոր փորձաքար կարող է դառնալ նաեւ պետության ղեկավարի հրաժարականի մասին պահանջը՝ արդեն գործնականում իրականություն դարձած հայ-թուրքական արձանագրությունների վերջնաստորագրման դեպքում։ Չի կարելի բացառել այն հավանականությունը, որ «Ժառանգություն»-ն այնուամենայնիվ ի տարբերություն ՀՅ Դաշնակցության, կհանդգնի պահանջել նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կարելի կլինի տեսնել մոտ ժամանակներս…

Իվան Ղարիբյան