Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովից դեռ չի ստացել Խաչատուր Սուքիասյանի՝ պատգամավորական մանդատից զրկելու արձանագրությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանյանը:
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը , որ 2008թ. մարտի 1-ից գտնվում էր ընդհատակում եւ իրավապահներին ինքնակամ հանձնվել էր օգոստոսին, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել՝ դա պատճառաբանելով հանգամանքով, թե չի ցանկանում աշխատել մի ԱԺ-ում, որն «անողնաշար կեցվածք ընդունեց իրենց ձերբակալության ժամանակ»: Սեպտեմբերի 30-ին լրացավ ժամկետը, որի ընթացքում Սուքիասյանը կարող էր ետ վերցնել իր դիմումը:
Տաթեւիկ Օհանյանը NEWS.am-ին հայտնեց, որ ԿԸՀ-ն պետք է ԱԺ-ից ստանա համապատասխան արձանագրությունը, նիստ գումարի եւ թիվ 10 ընտրատարածքում նոր ընտրություններ նշանակի: Ընտրություններն այդ ընտրատարածքում կնշանակվեն ԿԸՀ նիստից 80 օր անց:



























