«Ամերիաբանկի» թիմը հաղթել է եվրոպական բանկերի միջեւ անցկացված «Բանկային կառավարման առցանց մրցույթ` Եվրոպա 2011»-ում: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են «Ամերիաբանկից»: Հեղինակավոր այս մրցույթը  կազմակերպվել է SimArc NV ընկերության կողմից, Նյու-Յորքի ֆինանսների ինստիտուտի, Խնայողական բանկերի համաշխարհային  ինստիտուտի եւ Եվրոպական խնայողական բանկերի խմբի հետ համատեղ: Մրցաշարն անցկացվում է բանկային FirstB@nk առցանց ծրագրային համակարգի միջոցով:

Մրցույթը վերաբերում է շուկայական մրցակցության պայմաններում ակտիվների եւ պասիվների կառավարմանը, որի արդյունքում ճանաչվում է լավագույն բանկը` սեփական բաժնետոմսերի շուկայական արժեքով, ռիսկերի կառավարման եւ ռազմավարության իրականացման բաղադրիչների համատեղ գնահատումով:

Համաեվրոպական մրցույթն անցկացվել է 6 փուլով: Մրցույթի արդյունքներով «Ամերիաբանկը» լավագույնն է ճանաչվել բաժնետոմսերի գնի եւ ռիսկերի կառավարման գնահատման բաղադրիչներով եւ վերջնական ընդհանուր արդյունքով: Մրցակից բանկերի շարքում էին այնպիսի հեղինակավոր բանկերի թիմեր, ինչպիսիք են`  ING, Dexia, CSOB բանկերը: Նշենք, որ Dexia բանկը, որն այս տարի համաեվրոպական մրցաշարին մասնակցում էր 3 թիմով, 2010թ.-ի համաշխարհային մրցաշարում ճանաչվել է լավագույնը:

2011թ. մրցաշարն անցկացվել է աշխարհի 5 տարածաշրջանում` Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Ասիա եւ Աֆրիկա:

Տարածաշրջանների հաղթողները աշխարհում լավագույնը ճանաչվելու տիտղոսի համար սույն թվականի օգոստոս ամսին կմասնակցեն համաշխարհային մրցաշարին:

Չորս անդամից բաղկացած «Ամերիաբանկի» թիմը կուղեւորվի Նյու-Յորք` համաշխարհային եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: