Իտալիայի բարձրագույն դատարանը պետության բարձրագույն ներկայացուցիչների, այդ թվում եւ վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի, անձեռնամխելիության մասին անցյալ տարի ընդունված օրենքը ճանաչել է սահմանադրությանը չհամապատասխանող եւ օրենքի առջեւ բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքը խախտող։ Դրանով իսկ սահմանադրական դատարանը վերացրել է Իտալիայի վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում քրեական հետապնդումներից պաշտպանվածությունը։
Քաղաքական գործիչների դատական անձեռնամխելիության մասին օրենքը Իտալիայում հաստատվել է անցյալ տարի հենց վարչապետի կողմից՝ նրա իշխանության գալուց մի քանի շաբաթ հետո։ Ինչպես հաղորդում է BBC-ն, սույն օրենքը թույլ էր տալիս իտալական առաջնորդին խուսափելու դատական մի քանի գործընթացներից, այդ թվում եւ կոռուպցիայի մեղադրանքներից։
Մեկնաբանելով դատարանի որոշումը, Բերլուսկոնին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այն անվանել է քաղաքականացված եւ հայտարարել, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Հարկ է նշել, որ ներկայումս Իտալիայի վարչապետին ներկայացված են կոռուպցիայի գործով մի շարք մեղադրանքներ, իսկ սահմանադրական դատարանի որոշումը նշանակում է, որ այդ գործերով դատավարությունները կարող են շարունակվել։
Դատարանի որոշումը խիստ քննադատության է ենթարկել Իտալիայի վարչապետի մամլո քարտուղար Պաոլո Բոնաուիտին։ AFP-ի տվյալներով, նա նույնպես այն անվանել է քաղաքական եւ հայտարարել, որ «պահպանողական կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները, որոնք Իտալիայի ժողովուրդը նրան է վստահել 2008 թվականի ապրիլին»։



























