ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական հակառակորդները նրան ու առաջին տիկին Մելանյա Թրամփին կորոնավիրուսից շուտափույթ ապաքինում են մաղթել, հայտնում է Associated Press-ը:

Մասնավորապես, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ աղոթում է նախագահի համար եւ հուսով է, որ COVID-19-ով վարակվելը «ճանաչողական փորձ» կլինի նրա համար:

«Եկեք աղոթենք նախագահի առողջության համար: Սա ողբերգական է: Սա շատ ցավալի է»,- MSNBC-ին ասել է Փելոսին:

Ներկայացուցիչների պալատի խոսնակի խոսքով՝ նախազգուշական նկատառումներից ելնելով՝ ինքը կորոնավիրուսի թեսթ է անցել եւ սպասում է պատասխանին:

Իր հերթին, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի թեկնածու Քամալա Հարիսը լիարժեք եւ շուտափույթ ապաքինում է մաղթել Միացյալ Նահանգների նախագահին եւ առաջին տիկնոջը:

Twitter-ի իր միկրոբլոգում Հարիսը գրել է, որ ինքն ու իր ամուսինը՝ Դուգ Էմհոֆը, «մտովի նրանց ու Թրամփի ողջ ընտանիքի հետ են»:

Իր մաղթանքներն է հայտնել նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում Թրամփի մրցակից Ջո Բայդենը՝ ասելով, որ ինքը եւ իր կինը՝ Ջիլը, շուտափույթ ապաքինում են մաղթում նախագահ Թրամփին եւ առաջին տիկնոջը:

«Մենք կշարունակենք աղոթել մեր նախագահի եւ նրա ընտանիքի առողջության եւ անվտանգության համար»,- գրել է քաղաքական գործիչն իր թվիթում: