Հասմիկ Բուրուշյանը չի ապրել Հայաստանում, բայց ինչպես շատ ամերիկահայեր Կալիֆոռնիայի իր քաղաքում, նա ամուր կապ է զգում իր նախնիների երկրի հետ եւ խոր մտահոգություն, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում Ադրբեջանի հետ հակամարտության էսկալացիայի դեպքում, գրում է Reuters-ը:
22-ամյա աղջիկը նրանց շարքում է, ովքեր միավորվել են՝ Լեռնային Ղարաբաղի համար պայքարում հաջակցություն Հայաստանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից ավելի շատ գործողություններ պահանջելով:
Նա անհանգստանում է իր ընտանիքի եւ ընկերների համար եւ նյարդայնորեն ստուգում է զոհված հայ զինվորների ցուցակները՝ ծանոթ ազգանուններ փնտրելով:
Բուրուշյանը Հայաստանի երիտասարդության ֆեդերացիայի անդամ է, որը չորեքշաբթի բողոքի ակցիա էր կազմակերպել Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առջեւ: Այն ժամանակ հազարավոր ցուցարարներ կանգնած էին հայկական դրոշներով եւ պաստառներով, որոնց վրա գրված էր․ «Պաշտպանե՛ք Հայաստանը», «Մենք խաղաղություն ենք ուզում, նրանք՝ պատերազմ»:
«Հենց հիմա մենք մեր նախագահից ավելին ենք ուզում»,- հայտարարել է Բուրուշյանը:
Հարավային Կալիֆոռնիան եւ հատկապես Լոս Անջելեսի Գլենդել շրջանը, որտեղ ապրում է աղջիկը, ԱՄՆ-ում հայկական ամենամեծ սփյուռքն ունի:
«Մենք ավելին ենք ուզում նրանցից, ովքեր պնդում են, որ մեզ են ներկայացնում, եւ ավելին ենք ուզում նրանցից, ովքեր խոսում են ազատության եւ արդարության մասին, քանի որ այժմ նրանք, ովքեր այդ հասկացությունների համոզված կողմնակիցներն են, ոտքի չեն կանգնում»,- ասել է նա:
Ակտիվիստների խմբերը, որոշ օրենսդիրներ եւ, թերեւս, ամերիկահայ ամենահայտնի հայուհի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ են արել ԱՄՆ-ին ավելի ուժեղ դիրք գրավել՝ մեղադրելով Ադրբեջանին բռնության մեջ եւ վերջ տալով ԱՄՆ ռազմական օգնությանը երկրին:
Ըստ կառավարության Foreignassistance.gov կայքի՝ ԱՄՆ-ն արդեն զգալիորեն կրճատել է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը՝ 2019-ին 3,67 միլիոն դոլարից կրճատելով այն մինչեւ 2020-ին 247 550 դոլար:
«Այս վեճը ռազմական լուծում չունի: Այս ռազմական գործողությունները այժմ պետք է դադարեցվեն, քանի դեռ ավելի շատ մարդ չի զոհվել»,- Reuters-ին ասել է ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Թուրքիայի դերը
«Սառեցված հակամարտություններից» մեկի վերսկսվելը, որը թվագրվում է 1991 թվականով, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, մտահոգություն է առաջացրել Հարավային Կովկասում կայունության վերաբերյալ եւ մտավախություն՝ տարածաշրջանային տերություն Ռուսաստանի ներգրավման մասին, որը ռազմակայան ունի քրիստոնյա Հայաստանում, եւ Թուրքիայի, որը հիմնականում մահմեդական Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցն է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի մերժել է խաղաղության ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համատեղ ջանքերը`հայտարարելով, որ տեւական հրադադար կարելի է ձեռք բերել միայն այն դեպքում, եթե «հայ օկուպանտները» հեռանան Լեռնային Ղարաբաղից:
Բարձրաստիճան ամերիկացի դեմոկրատ օրենսդիր Ադամ Շիֆը, որի ընտրատարածքը եւս Գլենդելում է, պատմել է, թե լսել է իր ընտրողներից այն մասին, որ նրանցից շատերը դեռ ընտանիքներ ունեն Հայաստանում:
«Վարչակազմը պետք է Ադրբեջանին կոչ անի դադարեցնել ռազմական գործողությունները եւ կոչ անի նախագահ Էրդողանին հետ կանգնել. նրա գործողությունները միայն սրում են իրավիճակը»,- ասել է Շիֆը Reuters-ին:
Միաժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը վկայակոչել է այս շաբաթվա սկզբին արված հայտարարությանը, որը նախազգուշացում է պարունակում այն մասին, որ «արտաքին կողմերը» պետք է զերծ մնան բռնությանը մասնակցելուց:
Ակտիվիստները պլանավորում են ավելի շատ բողոքի ցույցեր անցկացնել ԱՄՆ քաղաքներում, ներառյալ Նյու Յորքն ու Վաշինգտոնը:
Ամերիկահայերը մեծ քաղաքական հաղթանակ տարան 2019 թվականին, երբ ԱՄՆ Կոնգրեսը մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ճանաչեց որպես ցեղասպանություն, թեեւ Թրամփի վարչակազմը բանաձեւը չհաստատեց:
Սակայն, նշում է գործակալությունը, դրան հասնելու համար հայերին տասնամյակներ պահանջվեցին, քանի որ նրանք փակուղում էին Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների պատճառով:
«Մեր համայնքը բառացիորեն հոգնել է: Մենք հոգնել ենք մշտական կազմակերպման անհրաժեշտությունից, բայց չենք պատրաստվում հանձնվել»,- հավելել է Բուրուշյանը:





























