Ստեփանակերտի բնակիչները չեն տարհանվի: Այս մասին հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Նման որոշում կկայացվի միայն անհրաժեշտության դեպքում: Մինչ այժմ տարհանվել են որոշ բնակավայրերի բնակիչներ, որոնք գտնվում են ռազմական գործողություններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,- ասաց նա:

Պետնախարարը հավելեց, որ քաղաքի բոլոր բնակիչներին ապաստան տրամադրելու համապատասխան հնարավորություններ կան:

«Ավելին, կան լրացուցիչ ռեսուրսներ այդ հնարավորությունները նույնիսկ ընդլայնելու համար: Վնասի գնահատումը կատարվում է շատ արագ, եւ մենք վաղը նախատեսում ենք սկսել տների եւ ապաստարանների վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներ ոչ միայն մայրաքաղաքում»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ մինչ այժմ ոչ միայն մայրաքաղաքն է ենթարկվել գնդակոծության (այսօրվա հրետակոծության հետեւանքով զոհերի մասին տվյալներ չկան), այլ նաեւ երկրի այլ մասերի քաղաքներ եւ գյուղեր:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը որոշակիորեն կրակել են Ստեփանակերտի ուղղությամբ: