Ծանր, համառ մարտեր են գնում, դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում՝ թե առաջ, թե հետ, թե աջ, թե ձախ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսպիսի մեծ պատերազմում դիրքային փոփոխությունները շատ բնական երեւույթներ են: Մի ժամ հետո կվերցնենք այդ դիրքը, մեկ ժամ հետո նպատակահարմարությունից ելնելով կարող ենք այդ դիրքից նահանջել, թեւանցել, շրջանցել եւ այն»,- ասաց նա:

Անդրադառնալով տեղեկություններին, թե հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց.

«Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, այո կան, զորքերի շարակազմեր, մարտակարգեր: Եվ դրանցում, այո, վստահ ենք, որ կլինեն տարբեր տեղերից բերված վարձկան ահաբեկիչներ»:

Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից կասետային ռումբեր կիրառելուն, նա նշեց.

«Քաղաքակիրթ աշխարհի ռեակցիաները Ադրբեջանի բանակի վայրագություններին, կիրառված զինատեսակների, ահաբեկիչների օգտագործմանը բավականին տեղին ու դիպուկ է: Կարծում եմ՝ այս ուղղությամբ եւս կլինեն համապատասխան արձագանքներ:

Հատուկ ուզում եմ շեշտել, որ երեկ ու այսօր Ստեփանակերտը եւ Արցախի այլ քաղաքներ մի քանի անգամ ենթարկվել են նման հրետակոծությունների: Նաեւ չմոռանանք, որ թիրախավորվել են լրատվամիջոցների ներկայացուցիչները»: